ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, եւ Ռուսաստանը կարող էր Հայաստանում դեսանտային օպերացիա իրականացնել` նաեւ ցույց տալու համար, թե հետխորհրդային տարածքում ո՛ր երկիրն է առաջատար:
Պատգամավորը հակամարտության կարգավորման մի քանի մեթոդ է նշել. Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական հզորացում, անմիջականորեն Հայաստանի տարածքը պաշտպանելու նպատակով միջոցների ձեռնարկման (այդ թվում` դեսանտային օպերացիայի միջոցով) անհրաժեշտությունից ելնելով` դիմում ՀԱՊԿ-ին, օդային շրջափակման բացում:
Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում Վրաստանին պետք է բացատրվի, որ այդ երկիրը պետք է հանգիստ արձագանքի այն իրողությանը, որ իր օդային տարածքով Հայաստան ուղարկվեն անհրաժեշտ ուժեր ու միջոցներ: Զատուլինի կարծիքով` դա ճարահաատյալ որոշում կլինի, քանի որ, հակառակ պարագայում, գրոհայինները կտարածվեն ողջ Կովկասով մեկ, ինչից կտուժեն նաեւ Ռուսաստանն ու Վրաստանը:
Զատուլինը համակարծիք է Հայաստանի վարչապետի այն տեսակետին, որ հակամարտությունն այս փուլում դիվանագիտական լուծում չունի Բաքվի գործողությունների պատճառով: Նա ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացը, ի հեճուկս Մոսկվայի բոլոր ջանքերի, փաստացի տեղից չի շարժվում:
ilur.am