Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Այս մասին հաղորդում են Արցախի պաշտպանության բանակից:
«Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,-տեղեկացնում են Արցախի ՊՆ-ից։