Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը փոխվարչապետ Օլեգ Ուրուսկուն, որը նաև արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերի նախարարն է, հանձնարարել է Ադրբեջնանին զենք մատակարարելու մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնում է ուկրաինական Obozrevatel առցանց-պարբերականը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին։
«Ըստ նրանց (աղբյուրների – խմբ․)՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը վերահսկում է նախագահի գրասենյակի ղեկավարը։ Նրանց հետ բանակցություններ է վարել «Պրոգրես» պետական ձեռնարկության տնօրեն Տարաս Շիյկոն՝ Ուրուսկու հանձնարարությամբ», – նշված է հոդվածում։
Պարբերականի տվյալներով` Ուրուսկու ու Շիյկոյի հանդիպումը մի քանի շաբաթ առաջ է կայացել։ Նշվում է, որ դրանից հետո Շիյկոն «Socar» ադրբեջանական ընկերության մասնավոր ինքնաթիռով գաղտնի մեկնել է Թուրքիա, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում է կայացել։
«Քննարկվել է Ադրբեջանին Ուկրաինայից զենք մատակարարելու հարցը․ խոսքը վերաբերում է 122 ու 152 միլիմետրանոց հրանոթներին ու չկառավարվող հրթիռներին», – ավելացրել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ փոխվարչապետ Ուրուսկու և պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի առջև խնդիր է դրվել՝ ցանկացած ձևով Թուրքիայով Ադրբեջան համապատասխան սպառազինություն մատակարարելու հնարավորություն գտնել։
«Բոլոր գործողություններն իրականացվում են հույժ գաղտնիության պայմաններում», – եզրափակել է աղբյուրը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ: