Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մարտոյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի համար այս օրհասական պահին Սփյուռքի տարբեր գաղթօջախների միասնական և համախմբված պայքարը հայրենիքում ապրողներին մեծ ուժ ու եռանդ է տալիս: Արայիկ Հարությունյանը կարևոր է համարել նաև նմանօրինակ այցելությունները՝ ընդգծելով, որ Ղրիմի հայությունը ևս այդ երկրի ժողովրդի հետ դժվարին, բայց կենսական նշանակության ճանապարհ է անցել:
Արմեն Մարտոյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ղրիմահայությունը պատերազմական այս ծանր օրերին մեկ մարդու պես կանգնած է Արցախի քույր-եղբայրների կողքին:
Հանդիպմանը մասնակցում էին «Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբի ղեկավար, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը: