ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա. armeniasputnik.am

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը , ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը հրատապ գործուղվել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

Որոշումը կայացվել է հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է: «Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

armeniasputnik.am



Նման նյութեր