Մինսկում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի հերթական՝ 33-րդ առցանց նիստը, որի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը հակադարձել է նախորդիվ Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սախիլ Բաբաևի ելույթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումներին` շեշտելով, որ Ղարաբաղյան հակամարտության քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը սկզբունքորեն անընդունելի են: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Եվս մեկ անգամ ստիպված ենք հիշեցնել, որ ԱՊՀ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է բարձրացվի և քննարկման ներկայացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ադրբեջանը փորձում է պարտադրել իր միակողմանի տեսակետները, որոնք խեղաթյուրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցներ՝ ներառյալ ապատեղեկատվության և իրադարձությունների աղավաղված փաստերի տարածում: Ղարաբաղյան հակամարտության քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը սկզբունքորեն անընդունելի են»,- ընդգծել է ԱՍՀ նախարարի առաջին տեղակալը։
Նիստին մասնակցել են ԱՊՀ մասնակից հանդիսացող երկրների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ:
Ռուբեն Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ միջոցառումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում, որն իրականացվում է Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ և ներգրավված օտարերկրյա գրոհայինների մասնակցությամբ.
«Ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև շարունակում է սադրիչ ռազմական գործողությունները՝ օգտագործելով ժամանակակից բոլոր տեսակի զենքերը` թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով և ռազմական հանցագործություններով: Այս գործողությունների հետևանքով առաջ է գալիս Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտությունը:
Հայաստանը հետևողականորեն պահպանում է հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, 17-ին և 26-ին ձեռք բերված համաձայնություների անվերապահ իրականացումը, որոնք համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների աջակցությամբ:
Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական լուծումը բացառող դիրքերից` մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է:
Կոչ ենք անում Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային հրաժարվել իրենց ավանդական քաղաքականությունից՝ սաբոտաժի ենթարկելու միջազգային հանրության ջանքերը` ուղղված վերահսկվող հրադադարի ռեժիմի հաստատմանը, և մեղքը հայկական կողմի վրա բարդելու»,- իր ելույթում նշել է փոխնախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են, մասնավորապես, բնակչության զբաղվածության ապահովմանը, աշխատանքի պաշտպանությանը, ընտանիքին տրամադրվող պետական աջակցությանը, կյանքի որակի նորմատիվների մշակմանը և այլն:
Հանդիպման արդյունքում ընդունվել են ԱՊՀ շրջանակներում աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք որոշումներ: