Արցախի դեմ Բաքվի ագրեսիան լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար. Բելգիայի պատգամավորը՝ ԱՀ ԱԳ նախարարին
Advertisement 1000 x 90

Արցախի դեմ Բաքվի ագրեսիան լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար. Բելգիայի պատգամավորը՝ ԱՀ ԱԳ նախարարին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ ղեկավարը ողջունել է բելգիացի խորհրդարանականին և բարձր գնահատել նրա համարձակ քայլը՝ ծանր պահին Արցախի ու նրա ժողովրդի կողքին գտնվելու և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար։

Մասիս Մայիլյանը կարևորել է Ժորժ Դալմանի երկարամյա գործունեությունը՝  ուղղված Բելգիայի խորհրդարանում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, նրա շահերի պաշտպանությանն ու առաջմղմանը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականին, մասնավորապես՝ Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Արցախի ժողովրդի  դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիան և դրան ուղեկցող պատերազմական հանցագործությունները դատապարտող, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական աջակցության անհրաժեշտությունն ընդգծող բանաձևը հեղինակելու համար։

Ժորժ Դալմանը նշել է, որ հերթական՝ երրորդ անգամ Արցախ այցելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, կիսել այն դժվարությունները, որոնք Արցախի ժողովուրդը ստիպված է հաղթահարել և հետագայում՝ եվրոպական տարբեր հարթակներում ներկայացնել Արցախի վերաբերյալ ճշգրիտ պատկերը։ Նա  ընդգծել է, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիան և մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլև ողջ Եվրոպայի անվտանգության համար։

Ժորժ Դալմանի խնդրանքով Մասիս Մայիլյանը հանգամանալից ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հանգամանքներն ու հետևանքները։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների և հիվանդանոցների վրա կանխամտածված հարձակումների արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ծանր վիճակը, ինչի հետևանքով հանրապետության բնակչության շուրջ 60 տոկոսը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը  կարևորել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝  ճգնաժամը հաղթահարելու համար։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը գործնական քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու Արցախի դեմ ագրեսիան, նվազեցնելու հակամարտության գոտում լարվածությունը և պայմաններ ստեղծելու՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս համատեքստում, որպես առավել արդյունավետ միջոց, Մասիս Մայիլյանը  շեշտել է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, ինչը հստակ ազդանշան կդառնա Ադրբեջանին՝ Արցախը զավթելու նպատակով ուժի կիրառման և մարդկության դեմ հանցագործությունների և այլ միջազգային հակաիրավական արարքների իրագործման  անթույլատրելիության մասին։

Ժորժ Դալմանը շնորհակալություն է հայտնել իրադրությունը հանգամանալից ներկայացնելու համար՝ վստահեցնելով, որ կշարունակի իր հետևողական ջանքերը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկատվությունը Եվրոպայում ներկայացնելու, ինչը հիմք կստեղծի գործնական քայլեր ձեռնարկել՝ նպաստելու Արցախում բռնության դադարեցմանն ու ստեղծված մարդասիրական դժվարին իրավիճակի լուծմանը և տարածաշրջանում կայունության հաստատմանը։



Նման նյութեր