«Թշնամին դրոններով վերևից նկարում է և տեսնում, որ ինչքան էլ սնարյադներով, հրանոթներով, գրադով խփում է՝ խրամատում կանգնած հայ զինվորը դիրքը չի լքում. ազատամարտիկ. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

«Թշնամին դրոններով վերևից նկարում է և տեսնում, որ ինչքան էլ սնարյադներով, հրանոթներով, գրադով խփում է՝ խրամատում կանգնած հայ զինվորը դիրքը չի լքում. ազատամարտիկ. «Փաստինֆո»

«Առաջնագծում առկա իրավիճակից ելնելով թշնամին արդեն տևական ժամանակ փոխել է ռազմավարական ստրատեգիան, հարձակումներ է գործում փոքր, դիվերսիոն խմբերի միջոցով, որոնք ջախջախվում և հետ են շպրտվում հայկական զինված ուժերի արհեստավարժ պատասխան գործողությունների շնորհիվ, –«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է օրեր առաջ առաջնագծից ժամանակավոր վերադարձած ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը՝ վերլուծելով վերջին օրերին թշնամու մարտավարության փոփոխությունները։

Նրա գնահատմամբ՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ թշնամին այդպես էլ չկարողացավ հասնել այն նպատակին, ինչն ի սկզբանե դրել էր իր առաջ՝ ագրեսոր Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների հետ համատեղ։ «Արդեն ակնհայտ է, որ ճակատային առումով նրանք չեն կարողանում մեծ հաջողության հասնել, հիմա փոքր խմբերով փորձում են ներս թափանցել, խուճապ ստեղծել և այդ ճանապարհով որոշակի ռազմական հաջողության հասնել, բայց ասեմ, որ սա նույնպես նրանց մոտ դատապարտված է տապալման»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Շուշիի շուրջ ստեղծված վերջին օրերի զարգացումներին՝ ազատամարտիկը նկատել է՝ Շուշին իրականում անառիկ ամրոց է և որպեսզի նրանք կարողանան քաղաքը գրավել, անհրաժեշտ է լինելու չափազանց մեծ ռեսուրսներ, որոնք, ըստ էության, այս պահին հակառակորդ կողմը չունի։ «Փոքրաթիվ դիվերսիոն խմբերով նրանց երբեք չի հաջողվի գրավել Շուշին», -վստահեցրել է Գևորգ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարավային սահմաններին թշնամու ունեցած դիրքային առավելություններին՝ ազատամարտիկը նշեց.«Ցավոք, թշնամին որոշակի հաջողություններ ունի հարավում, բայց սա չի նշանակում, որ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելն անհնարին է։

«Մենք միայն մեկ կարևոր խնդիր ունենք լուծելու՝ եթե հնարավոր լինի պահել օդային սահմանը, հաշված օրերի ընթացքում թշնամին ամբողջությամբ հետ կշպրտվի մեր սահմաններից և դա վճռորոշ դեր կխաղա մեր ապագա հաղթանակի համար։ Այս օրերին ամենաքննարկվող հարցերից մեկն էլ հենց սա է՝ ինչպե՞ս պահել օդային սահմանը։ Այս հարցը շատ պարզ պատասխան ունի՝ դրա համար հատուկ նախատեսված ռազմական տեխնիկա գոյություն ունի, որը, եթե անգամ այս պահին զուտ տեխնիկական առումով հնարավոր չէ ձեռք բերել, ապա դրան պետք է անհապաղ կերպով հասնել դիվանագիտական ճանապարհով»,- արձանագրել է Գ.Գեւորգյանը։

Ազատամարտիկի դիտարկմամբ՝ թշնամին ապշած է, նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահում, որ անդադար օդային հարձակման ենթարկվող հայ զինվորը ոչ մի քայլ հետ չի գնում իր պաշտպանության տակ գտնվող խրամատից.«Թշնամու համար առաջին անհասկանալի և ամենամեծ հանելուկային հարցը թեևս մնում է հայ զինվորի, սպայի, կամավորի և աշխարհազորի արիության բացառիկ դրսևորումը։ Բացառիկ անհավասար մարտերում ավելի քան մեկ ամիս մենք հերոսաբար շարունակում ենք պահել առաջնագիծը։

« Քաղաքական և դիվանագիտական կորպուսը պարտավոր է նույն վճռականությամբ հաջողության հասնել նաև իրենց մարտադաշտում, այլ կերպ ուղղակի անհնար է, հասկանո՞ւմ եք։ Մենք մեր գործն ենք անում, նրանք իրենցը պետք է անեն։ Հայի ոգին անկոտրում է։ Պարզ, կոնկրետ ասենք՝ թշնամին դրոններով վերևից նկարում է և տեսնում, որ ինչքան էլ սնարյադներով, հրանոթներով, գրադով, ինչով ուզում խփում է, խրամատում կանգնած հայ զինվորը դիրքը ոչ մի պարագայում չի լքում։ Իրենց համար անհասկանալի է, թե ինչպես կարող է այսպիսի անհավասար մարտում զինվորը չլքի դիրքը։ Պարզապես պատերազմն իր օրենքներն ունի, այդ թվում նաև՝ պատվի օրենքները, որից թշնամու բանակն իսպառ զուրկ է, սա վաղուց հաստատված իրողություն է»,- եզրափակում է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր