Պատերազմը ողբերգություն է… ոմանց համար դրա կորուստները ժամանակի ընթացքում քարանում են ու դառնում համակերպելի, բայց կան մարդիկ, ովքեր պատերազմում կորցնում են ամեն ինչ՝ այս աշխարհում իրենց ունեցած միակ գանձը՝ մինուճարին… միայնակ մոր կողմից միակ երեխային` մինուճար որդուն կորցնելն այս պատերազմի արհավիրքներից է:
Նախօրեին հենց այդ կոտրված, միայնակ ու անհույս մնացած առյուծասիրտ մոր հետ էի զրուցում: Բառերով հնարավոր չէ նկարագրել միայնակ կնոջ՝ բոլոր առումներով ծանրագույն վիճակը: Հերոսի մայրն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում։ Նա պատմում էր, որ հերոս որդին իրեն խոստացել էր օրնիբուն աշխատել ու դուրս գալ չքավորության ճիրաններից, բայց պատերազմը սպանեց նրա երազանքը, կանգնեցրեց հերոսի սիրտը, ու միայնակ մնացած մոր հույսը թաղեց տղայի վերջին հրաժեշտի խոսքերում․․․
Ես գիտեմ, որ այս օրերին բոլորս բոլորիս օգնում ենք, բայց նման (ու, թերևս, էլի կլինեն) հատուկ դեպքերի կողքով անտարբեր անցնել չենք կարող, պարզապես դրա իրավունքը չունենք:
Սիրելի ընկերներ, խնդրում եմ՝ ձեռք ձեռքի տանք, օգնենք հերոսի՝ այս աշխարհում տառացիորեն միայնակ մնացած մորը, ով նաև առողջական լուրջ խնդիրներ ունի, գոնե նվազագույն պայմաններով կացարան ունենալ, օգնենք հերոսի մորը գոնե գլխին նորմալ տանիք ունենալով՝ սգալ իր կյանքի միակ իմաստի կորուստը:
Նրան տված խոստմանս համաձայն՝ չեմ հրապարակում նրա տվյալները, սակայն կներկայացնեմ նրա կեցության ծայրաստիճան վատ պայմանները ներկայացնող փոքրիկ տեսանյութ։
Օգնել ցանկացողները կարող են գրել ինձ անձնական նամակով։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից