Կգա՞ մի օր, երբ բոլորս կաշխատենք՝ որպես ինքներս մեր ղեկավար։ Ըստ Weforum.org-ի, Upwork-ի գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև կրթության, սեռային և աշխատանքի հարցերով համաշխարհային ապագայի խորհրդի փոխնախագահ Սթեֆան Կասրիելը նշում է, որ նախաձեռնողներն ու ազատ գրաֆիկով աշխատողներն աշխատաշուկայի ապագան են, քանի որ ավանդական գրասենյակային աշխատանքներն ավելի ու ավելի անկարևոր են դառնում։ Նրա խոսքով՝ իրենք ընտրել են այս մոտեցումը, քանի որ նշված երեք հարցերը՝ կրթություն, սեռային և աշխատանքի հետ կապված խնդիրները, մեծապես փոխկապակցված են։
Ըստ նրա՝ առավել արժեքավոր է դրանց միջև կապը հասկանալը, քան այդ հարցերն առանձին-առանձին ուսումնասիրելը։ Սթեֆան Կասրիելի կարծիքով՝ որոշ երկրներ այս հարցերին ամբողջական մոտեցում են ցուցաբերում, մինչդեռ երկրների մեծամասնությունը սրանք դիտարկում են առանձին-առանձին։ «Մեր նպատակն է՝ հասնել նրան, որ բաժնետերերն այս հարցերը դիտարկեն միասին՝ առավել մարդակենտրոն մոտեցմամբ՝ ի տարբերություն ավանդական մոտեցման»,- ասում է նա։ Սթեֆան Կասրիելը նշում է, որ իրենք արդեն մի քանի քննարկումներ ունեցել են. «Մենք ցանկանում ենք կենտրոնանալ այն երկխոսությունների վրա, որոնք տեղի են ունենում, և օգնել, որ դրանք ձևավորվեն։ Հետագայում դա ազդեցություն կունենա ուսումնասիրության և այս հարցերի վերաբերյալ նախաձեռնությունների զարգացման վրա՝ կառավարությունների, մասնավոր բիզնեսի և այլ բաժնետերերի համար։
Օրինակ՝ մենք այժմ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը վերաբերում է Չորրորդ ինդուստրիալ հեղափոխության կրթությանը և գենդերային խնդիրների լուծման եղանակներին։ Պատրաստվող մյուս փաստաթուղթը վերաբերում է աշխատանքի ապագային։ Ինչպե՞ս ենք մենք նպաստում ավանդական աշխատանքից ապագայի պետության աշխատանքի անցմանը, որտեղ աշխատանքն առավել ճկուն է»։
Ի՞նչ միտումներ են առկա այս ոլորտներում
Բոլոր միտումները նույն ուղղությամբ չեն շարժվում։ Կրթության ոլորտում ողջ կյանքի ընթացքում շարունակական կրթությունն առավել կարևոր է, քան երբևէ եղել է։ Գաղափարը, որ սովորում եք երիտասարդ տարիքում և հետագայում աշխատում մի ընկերությունում, այլևս անցյալում է։ Կարողություններն անընդհատ փոփոխվում են։ Կայուն անհրաժեշտությունը մեկն է՝ անընդհատ նոր կարողություններ ձեռք բերել։ Եթե դիտարկեք այսօրվա աշխատաշուկան, կտեսնեք, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ նորացման կարիք ունեք։ Աշխատաշուկայում մենք շարժվում ենք դեպի առավել ճկուն իրավիճակ, երբ մի անհատը միևնույն ժամանակ աշխատում է մի քանի ընկերությունների հետ։ Դա մեծամասամբ գիտական աշխատանք է, որը կարող է կատարվել ցանկացած վայրից։ Այն ավելի շատ արժեքներ է ստեղծում, քան ավանդական աշխատանքային մոդելը։ Երբ խոսքը սեռային հարցերի մասին է, խնդիրն ավելի լայն է։ Կառավարությունները և մասնավոր ընկերությունները պետք է շարունակեն խրախուսել ավելի շատ կանանց ներգրավմանն աշխատանքում։ Ցավոք, դեռ կան վայրեր, որտեղ անհրաժեշտ է մարդկանց համոզել, որ հնարավորությունն առկա է։
Որտե՞ղ կլինենք 2030թ.. ինչպե՞ս ենք պատրաստվում դրան
Ապագայում աշխատանքը երկարօրյա չի լինի։ 2030թ. հազարամյակի սերունդները ղեկավար պաշտոններ կզբաղեցնեն։ Նրանք իրենց հետ կբերեն այն մտածողությունը, որ աշխատանքային ժամը պարտադիր չէ, որ տևի առավոտյան 9-ից մինչև երեկոյան 5-ը. պարտադիր չէ նաև, որ այն կատարվի գրասենյակից։ Մարդիկ ազատություն և ճկություն են ցանկանում։ Նրանք ցանկանում են պատասխանատու լինել իրենց ճակատագրի համար։ Մենեջերները պետք է պատրաստվեն դրան։ Մենք սովոր ենք մենեջերներ ունենալ և աշխատել թիմով, որը գալիս էր գրասենյակ և աշխատանքային օրն անցկացնում այնտեղ։ Ապագայում մենք ավելի ու ավելի հաճախ կտեսնենք մարդկանց, ովքեր աշխատում են ճկուն աշխատաժամանակով՝ հեռավորության պայմաններում։ Համալսարաններն ավարտողները պետք է կարողանան դասավորել իրենց կարիերան առավել ճկուն մոդելի պայմաններում։ Նրանք պետք է տեխնիկական առումով կրթված լինեն, բայց նաև պետք է կարողանան «վաճառել» իրենց, հեղինակություն ձեռք բերել, հասկանան սպառողների սպասումները և կարողանան բանակցել։ Այն մարդիկ, ում համար դուք կաշխատեք, կլինեն ոչ թե ձեր մենեջերները և ղեկավարները, այլ ձեր սպառողները։ Կրթական համակարգը պետք է պատրաստի ուսանողներին՝ նախաձեռնող դառնալ։ Կազմակերպությունները ևս պետք է պատրաստվեն։ Մենեջերներն ավելի շատ են պայքարում աշխատակիցներին ղեկավարելու համար, քանի որ առավել մեծ է հավանականությունը, որ նրանք շուտ հրաժեշտ կտան աշխատանքին։ Մասնավոր ընկերությունները պետք է փոխեն իրենց կարծիքն այս երևույթի նկատմամբ, քանի որ եկող սերունդն ավելի անկախ է լինելու։ Նոր աշխարհն առավել ինքնակազմակերպված և ճկուն կլինի։ Կրթության հետ միաժամանակ՝ պետք է ապահովել կարողություններ և խթան աշխատակիցների համար՝ պարբերաբար վերապատրաստվելու համար։ Էական չէ, թե ինչ վերապատրաստում կառաջարկվի աշխատակցին, ընկերությունները, ամենայն հավանականությամբ, չեն ստանա բոլոր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են։ Ամեն ինչ չափազանց արագ է փոխվում։ Ազատ գրաֆիկով աշխատողները կլրացնեն այս բացը ավելի ու ավելի մեծ տեմպերով։
Ինչ կլինի լավագույն սցենարի դեպքում
Լավագույն սցենարի դեպքում մենք կունենանք աշխարհ, որտեղ տղամարդիկ և կանայք կարող են իրացնել իրենց ներուժը՝ անկախ սեռից, ազգային պատկանելությունից, կրոնից, ծննդավայրից կամ բնակության վայրից, որտեղ աշխատավարձն արդար է, և ապահով ցանց կա բոլորի համար։ Սա ինքնաբերաբար տեղի չի ունենա. գոյություն ունեն բազմաթիվ ուժեր, որոնք աշխատում են այս ամենի դեմ, ինչպես արհեստական ինտելեկտի և ռոբոտների ավելացումը, եկամտի աճող անհավասարությունը տարբեր երկրներում, քսենոֆոբիան և սեռային խտրականությունը որոշ երկրներում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը