Նիդեռլանդների Սպեյկենիսե քաղաքում գնացքը դուրս է եկել ռելսերից, սակայն պատմության ողբերգական ավարտից հաջողվել է խուսափել արտասովոր հուշակոթողի շնորհիվ։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Dutch News պորտալին, գնացքում ուղևորներ չեն եղել, իսկ գնացքավարը հրաշքով փրկվել է «Կետերի պոչեր» հուշարձանի շնորհիվ։
Պորտալի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ Մետրոյի գնացքը բաց կայարանում բախվել է արգելապատնեշին ու դուրս է եկել ռելսերից՝ հայտնվելով արտասովոր քանդակի վրա, ինչն էլ թույլ չի տվել, որ այն 10 մետր բարձրությունից ջուրն ընկնի։ Գնացքավարին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ գնացքից։
«Կետերի պոչեր» քանդակը, որը պատրաստված է պոլիէսթերից, մետրոպոլիտենի վերջին կայարանի մոտ գտնվող ջրամբարում տեղադրվել է 2002 թվականին։ Հեղինակը հոլանդացի ճարտարապետ Մաարտեն Ստրույսն է։ Համացանցի օգտատերերն ընդգծում են, որ կոմպոզիցիայի համար ավելի հարմար վայր Ստրույսը չէր էլ կարող ընտրել։