Սիրիայում թրքամետ զինյալների մի խումբ հանձնվել է Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) քրդերին` Ադրբեջան ուղարկվելուց խուսափելու համար։ Տեղեկությունը հայտնում է North Press քրդական լրատվական գործակալությունը։
«Թուրքիայի կողմից աջակցվող զինված ընդդիմադիր խմբերի 13 անդամ Հասաքայից դեպի հյուսիս գտնվող Զերկան քաղաքի մոտ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կողմ են անցել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների երկու խումբ դասալիք է դարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Խմբի անդամներից 7-ը կապված են եղել Ահրար ալ-Շարկիա («Արևելքի ազատ մարդիկ»), 6-ը` «Սուլթան Մուրադ» խմբավորման հետ։
Հետաքննության ընթացքում նրանք խոստովանել են, որ Թուրքիան նրանց մի քանի ամսվա աշխատավարձ չի վճարել։ Նրանց հրամայել են Ադրբեջան մեկնել` մասնակցելու հայկական ուժերի դեմ մարտական գործողություններին, այդ պատճառով նրանք որոշել են փախուստի դիմել։
«Ամշաթ» դիվիզիայի անդամները` Թուրքիա, այնուհետև Ադրբեջան ուղարկելու համար տարբեր սիրիական խմբավորումներից ավելի քան 150 զինյալի անուն են գրանցել։
Նախօրեին Հայաստանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է Սիրիայից Ադրբեջան գրոհայիններին տեղ հասցնելու երթուղին։ Նրանք առանց որևէ փաստաթղթի հատել են Թուրքիայի սահմանն ու թուրքական զինվորականների ուղեկցությամբ նստել դեպի Ադրբեջան թռչող քաղաքացիական ինքնաթիռներ։
Նման կերպ Ադրբեջան ժամանած առնվազն 2 վարձկան ձերբակալվել են հայ զինծառայողների կողմից։ Նրանցից մեկը հայտարարել է, որ Արցախում «անհավատների» դեմ պատերազմելու համար նրան ամսական 2000 դոլար վարձատրություն են խոստացել, դրան գումարած 100 դոլար յուրաքանչյուր գլխատված «անհավատի» համար։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։