Ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին երկիմաստ ակնարկ է արել՝ հիշեցնելով 2023-ի համար նախատեսված թուրքական ծրագիրը, որի մասին Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է դեռ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին։ Քաղաքագետի խոսքով՝ «այս առնչությամբ հետաքրքիր զուգահեռներ են նկատվում Երկրորդ աշխարհամարտից առաջ Եվրոպայի» հետ։ Այս ասելով Սատանովսկին նկատի ունի Թուրքիայի դիմակայությունն ընդդեմ աշխարհին:
Ինչպես հիշեցնում է փորձագետը, այդ ծրագիրը կցված է Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա հոբելյանին, որը տոնվելու է 2023 թվականի հոկտեմբերի 29-ին։
«Նույն տարում են անցկացվելու նաև նախագահական ու խորհրդարանային ընտրությունները։ Մինչ հոբելյանը մնացել է երեք տարի», – նշել է քաղաքագետն իր «АРМАГЕДДОНЫЧ» թելեգրամյան ալիքում՝ ընդգծելով, որ «համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու կորոնավիրուսի համավարակը Թուրքիային թույլ չեն տալիս դրական արդյունքների ակնկալիքներ ունենալ»։
Փորձագետը, մասնավորապես, համոզմունք է հայտնել առ այն, որ նախագահ Էրդողանի ակնկալիքներին հակառակ՝ Թուրքիան 2023 թվականին համաշխարհային տնտեսությունում առաջատար երկրների տասնյակում տեղ չի գտնի։
«Թուրքիայի քաղաքացիների՝ վերջին տարիներին նվազող բարեկեցությունը մնալու է նույն մակարդակին, իսկ արտահանողները փորձելու են լրացնել Թուրքիայի առևտրային պատերազմների ու կորոնավիրուսի համավարակի հետևանքով բաց թողնվածը», – նշել է Սատանովսկին՝ միևնույն ժամանակ երկիմաստ ակնարկ անելով Էրդողանի նախագծի վերաբերյալ ու ընդգծելով Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական ամբիցիաների աճը։
«Փաստացիորեն, նրա երկիրը պայքարում է ոչ միայն իր բոլոր հարևանների, այլև համաշխարհային հիմնական «խաղացողների» դեմ։ Շատ հետաքրքիր զուգահեռներ են առաջանում Երկրորդ աշխարհամարտից առաջ Եվրոպայի, իսկ ավելի ճիշտ՝ Գերմանիայի հետ», – նշել է փորձագետը։