ՏՄՊՊՀ նախագահի վստահեցմամբ՝ Հայաստանում Covid-19-ի վճարովի թեստերն էականորեն ավելի էժան են
Advertisement 1000 x 90

ՏՄՊՊՀ նախագահի վստահեցմամբ՝ Հայաստանում Covid-19-ի վճարովի թեստերն էականորեն ավելի էժան են

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման վճարովի թեստերի գինն էականորեն ավելի էժան է, քան տարածաշրջանի և այլ երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում կորոնավիրուսի վճարովի թեստերի գներն արդարացված են:

Գևորգյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող: «Չկա այստեղ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ, կան փոքր քանակի ծառայություն մատուցող սուբյեկտներ, որոնք գնի ձևավորման մեջ մի շարք հանգամանքներ կարող են պնդել և մտցնել»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ-ն նաև համեմատական է տարել մի շարք երկրների հետ՝ և հարևան, և այլ: «Հայաստանում էականորեն ավելի էժան են կորոնավիրուսի թեստի գները»,-ասաց Գևորգյանն ու հավելեց, որ փաստն է արձանագրում:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել էր COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Դավիդյանց լաբորատորիաների», «Էկոսենս» ՍՊԸ-ի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Սիրմեդ» ՍՊԸ-ի, «Ա.Բ.Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի, «Դիագեն Պլյուս Վիրաբուժություն» ՍՊԸ-ի և «Ցիտոլաբ» ՍՊԸ-ի լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել էր թեստավորման նկատմամբ ներկա ժամանակահատվածում բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Արդյունքում ընկերությունները պատրաստակամություն էին հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ:

Աննա Գրիգորյան