Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած չորս բարեգործական համերգների ընթացքում հանգանակվել է 30 միլիոն դրամ։ Հանգանակված միջոցները փոխանցվելու են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
Վերջին՝ չորրորդ համերգը տեղի ունեցավ այսօր Գարեգին Նժդեհի հուշարձանի հարևանությամբ։ Հնչեցին հայրենասիրական‚ ժողովրդական երգեր‚ ինչպես նաև՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնը դարձած «Անունս Արցախ է» երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։
Բարեգործական համերգին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը‚ ով իր երախտագիտությունը հայտնեց համերգների կազմակերպիչներին։ «Կարեւոր է‚ որ մեր աջակցությունը թիկունքից լինի շատ մեծ‚ որովհետև ճակատում շատ մեծ կռիվ է ընթանում‚ ու շատ մեծ գործ է արվում։ Տղաներն իրենց կյանքն են դրել‚ և ամեն օր ճակատ են մեկնում նորանոր մարդիկ։ Նրանց կռիվը պետք է հաղթանակով պսակվի։ Վստահաբար հաղթելու ենք‚ և այդ հաղթանակը նաև ձեզանից է կախված։ Անչափ կարևոր է‚ որ այս դրամահավաքը շարունակություն ունենա‚ մշտական ներդրումներ լինեն‚ որովհետև և՜ ապրողները‚ և՜ մեր ապրելու համար իրենց կյանքը նվիրաբերածների ընտանիքները պետք է զգան բոլորիս աջակցությունը»‚- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Ծանրամարտի կանանց 2009 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանն իր խոսքում ընդգծեց‚ որ յուրաքանչյուրս մեր բնագավառում‚ մեր ուժերի ներածին չափով պետք է անենք առավելագույնը՝ զինվորին ու բանակին աջակցելու համար. «Ես հավատում եմ մեր հաղթանակին‚ հավատում եմ տիեզերքի օրինաչափությանը. մեր պայքարը ազնիվ է‚ և մենք պետք է հաղթենք։ Խոնարհվում եմ զոհված զինվորների հիշատակի առջև. շատ թանկ ենք վճարում։ Մեր նահատակված մարտիկների և այսօր առաջնագծում պայքարողների շնորհիվ մենք շարունակում ենք ապրել։ Նրանք այսօր կռիվ են տալիս մեր երկրի‚ մեր գոյության‚ մեր ինքնուրույնության համար»։