ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջո Բայդենը երրորդ անգամ է իր թեկնածությունը առաջադրում Սպիտակ տան ընտրություններում։ Սակայն նա առաջին անգամ է ընտրվել որպես իր կուսակցության թեկնածու։
Հաղթանակի դեպքում 2021 թվականի հունվարին Բայդենը կդառնա երկրի 46-րդ նախագահը։ Այդ ժամանակ նա կլինի 78 տարեկան և ԱՄՆ-ի ամենատարեց նախագահը՝ գերազանցելով 74-ամյա Թրամփին։
Քարոզարշավի մի քանի ամիսների ընթացքում Բայդենը նշել է, որ ցանկանում է վերջ տալ Թրամփի «խեղաթյուրված» վարչարարությանը:
«Մենք պայքարում ենք հանուն Ամերիկայի ոգու», հայտարարել է Բայդենը։ «Ժամանակն է հիշել, թե ով ենք մենք։ Մենք ամերիկացիներ ենք. տոկուն, դիմացկուն, բայց միշտ լիահույս։ Ժամանակն է միմյանց արժանապատվորեն վերաբերվել։ Կառուցել միջին խավ, որին բոլորը կարող են ձգտել։ Պայքարել ընդդեմ իշխանության անհավանական չարաշահման, որի ականատեսն ենք։ Ժամանակն է ավելի լուրջ վերաբերվել և հիշել, որ լավագույն օրերը դեռ առջևում են»։
Բայդենը բնութագրել է Թրամփին որպես ազատ աշխարհի համար ոչ պիտանի առաջնորդ՝ նշելով, որ «համաշխարհային բեմահարթակում հարգված ղեկավարություն, իսկ երկրում արժանապատիվ ղեկավարություն ունենալու ժամանակն է»։
Սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում Բայդենը քարոզարշավը հիմնականում իրականացրել է Դելավերի իր տնից, և երբեմն էլ այցելել Վիլմինգտոն՝ մարդկանց փոքրաթիվ խմբերի հետ քաղաքական քննարկումների և ելույթներով հանդես գալու համար։
Նախկին սենատորը երեք ամսվա ընթացքում անցկացրել է ընդամենը մեկ մամուլի ասուլիս և զերծ մնացել բազմամարդ քաղաքական հավաքներում ելույթ ունենալուց՝ կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու նպատակով։
Ձեռքբերումները և անձնական կյանքը. Դելավերի համալսարանը և Սիրաքյուզի իրավաբանական դպրոցը ավարտելուց հետո 1972 թվականին 29-ամյա Բայդենը դարձել է ԱՄՆ-ի Սենատում երբևէ ընտրված ամենաերիտասարդ օրենսդիրներից մեկը։ Սակայն ընտրություններից շաբաթներ անց ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվեցին Բայդենի առաջին կինը՝ Նելիան և նրանց մեկամյա դուստր Նաոմին։ Սկզբում Բայդենը մտածում էր թողնել նորընտիր սենատորի պաշտոնը՝ ողջ մնացած երկու որդիների մասին հոգ տանելու համար, սակայն որոշում է կայացնում շարունակել աշխատել և ամեն օր գնացքով 90 րոպե ճանապարհ կտրել Դելավերից:
Վաշինգտոն և հակառակը։ Եվ այդպես 36 տարի՝ հետագա վեց ժամկետների ընթացքում։
Ավելի մանրամասն՝ amerikayidzayn.am