Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունով՝ խնդրելով տեղեկատվություն այն մասին, թե որքա՞ն է կազմել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի, նրա գրասենյակի ղեկավարի, մամուլի խոսնակի, խորհրդականների և օգնականների (թվով 11 անձ) ստացած պարգևավճարի ընդհանուր թիվը՝ 2020 թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար:
Պատասխան նամակում (կցվում է) նշված է, որ հոկտեմբեր ամսվա համար պարգևավճար չի կիրառվել, իսկ սեպտմբեր ամսվա (կիրառվել է մինչ հանրապետությունում ռազմական դրության հայտարարումը) պարգևավճարների ընդհանուր թիվը կազմել է 2.029.729 դրամ:
Ստացվում է, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, գրասենյակի ղեկավարն ու խորհրդական – օգնականները սեպտեմբերին ստացել են միջինը 184 հազար 520 դրամ պարգևավճար, ինչը, խոստովանենք, վատ թիվ չէ: Եվ չնայած սույն պաշտոնյաները փորձում են արդարանալ, որ ռազմական դրության պայմաններում պարգևավճար չեն ստացել, ապա նրանց արժի հիշեցնել, որ խնդրո առարկա սեպտեմբեր ամիսը ևս հանդիսացել է արտակարգ դրության (մինչ 12-ը) և կարանտինային (սկսած 12-ից) ամիս, և երկիրը ապրելիս է եղել կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ծանր մի շրջան: Իսկ թե ինչպիսի՞ ձեռքբերումների համար է նշված ավելի քան 2 մլն դրամը շռայլվել ԱԽՔ-ի գրասենյակին՝ հավանաբար պետական գաղտնիք է: