Թալիշները բացահայտում են Ալիևի «հանդուրժողական» կերպարը
Advertisement 1000 x 90

Թալիշները բացահայտում են Ալիևի «հանդուրժողական» կերպարը

Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրեա ժողովրդին ուղղած Նոր տարվա շնորհավորական ուղերձում նշել էր Ադրբեջանում «կրոնական-էթնիկական հանդուրժողականության առկայության մասին»: Ասվածի հավաստիությունը ստուգելու նպատակով, ադրբեջանական «FaktYoxla» լրատվական կայքը հանձն էր առել ուսումնասիրություն կատարել, որի արդյունքում նոյեմբերի 3-ին հրապարակված հոդվածում կայքը նշել էր Իլհամ Ալիևի ասածի «ճշմարտացիության» մասին:

Այնուամենայնիվ, նոյեմբերի 6-ին, ազգությամբ թալիշ Ռահիմ Շալիևը Ֆեյսբուքի իր սոցիալական կայքում քննադատական գրառում է կատարել «FaktYoxla» կայքի հոդվածի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Շալիևի գրառումը, ազգությամբ թալիշ օգտատերը առաջ է քաշել միջազգային կազմակերպությունների կողմից քննադատվող փաստեր, որոնք առնվազն ապացուցում են Ալիևի կողմից հնչեցված հայտարարության ոչ ճշմարտացի լինելը:

Ըստ Շալիևի՝ թալիշները Ադրբեջանում ամենաշատ խնդիրներ ունեցող փոքրամասնությունն են, որոնց մասին նույնիսկ մեկ բառ չի գրվել վերոնշյալ հոդվածում: Թալիշներն առնչվում են մի շարք խնդիրների. մասնավորապես՝ ազգությամբ թալիշ երեք գիտնականների՝ Նովրուզալի Մամեդովի, Հիլալ Մամեդովի և Ֆահրեդդին Աբասզադեիի ձերբակալությունը, (Նովրուզալի Մամեդովը սպանվել է բանտում), որևէ ուսումնական կենտրոնում կամ դասընթացի միջոցով թալիշերեն սովորելու հնարավորության բացակայությունը, թալիշագիտության ֆակուլտետի վերացումը, թալիշների անունների ու ազգանունների կիրառման արգելքը, թալիշերենով գրքերի վաճառքի խոչընդոտումը, Ադրբեջանի կառավարության կողմից հեռուստատեսության և ռադիոյի մասին կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների չիրականացումը, թալիշ ակտիվիստների հասցեին անջատողական լինելու վերաբերյալ հնչեցվող մեղադրանքները, առանց դատարանի որոշման թալիշական կայքերի արգելափակումը:

«Եթե ադրբեջանական ղեկավարությունը կարծում է, թե այս քննադատական բողոքը մշտապես արվելու է Ֆեյսբուքի մակարդակով, ապա սխալվում է: Մենք այս մասին բազմիցս հայտնել ենք լրատվամիջոցներին, որպեսզի համոզվենք նրանց անկեղծության մեջ: Սակայն մենք այլևս չենք մնա այս տեսակ բողոքների սահմաններում: Եթե քաղաքացիական հասարակությունը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ապա մեր կողմից ձեռնարկվելիք հակաքայլերի համար ստիպված կլինի մեղավորներ փնտրել միայն իրենց մեջ»,- եզրափակել է Շալիևը:

Էմմա Արդարյան



Նման նյութեր