Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post
Advertisement 1000 x 90

Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան կոչ են անում պարտության պատրաստվել։ Տեղեկությունը հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN հեռուստաալիքը, Թրամփն օգնականներին ասել է, որ չի պատրաստվում ընդունել պարտությունը:

Washington Post-ի աղբյուրների համաձայն՝ վերջին երկու օրերին խորհրդականները նրա հետ քննարկել են ընտրություններում պարտվելու հեռանկարը և թե ինչպես նա պետք է իրեն պահի նման ելքի դեպքում: Ոմանք կողմ են, որ Թրամփը հրապարակային հայտարարություններ անի՝ պարտավորվելով իշխանության խաղաղ անցում ապահովել, եթե դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը նախագահական ընտրությունների հաղթող հայտարարվի: Նախագահի շտաբի բարձրաստիճան աշխատակիցն էլ լրատվամիջոցին ասել է, որ պարտությունն ընդունելու մասին ելույթ պատրաստելը չի քննարկվել:

Ինչպես գրում է Washington Post-ը, Թրամփի կողմնակիցների ճամբարը բաժանված է երկու խմբի, առաջինում ընդգրկված են նախագահն ու նրա ընտանիքը, որոնք կարծում են, որ նա կարող է հաղթել և պետք է շարունակի պայքարը: Երկրորդ խումբը, որը բաղկացած է խորհրդականներից և բարձրաստիճան հանրապետականներից, կարծում է, որ «նախագահությունը պլստաց ձեռքներից»:

Աղբյուրներից մեկն ընդգծել է, որ Թրամփն ուրբաթ օրվա մեծ մասն անցկացրել Է Սպիտակ տան оվալաձև աշխատասենյակում՝ հետևելով ընտրությունների վերաբերյալ լուրերին և կողմնակիցներին ու խորհրդականներին կոչ անելով «կռվել իր համար»:

Հիշեցնենք՝ երեքշաբթի ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անցկացվեցին։ Մի շարք նահանգներում քվեարկության արդյունքները դեռ հայտնի չեն։ Գործող նախագահ և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չորեքշաբթի գիշերը հայտարարեց, որ ինքն է հաղթել և դեմոկրատներին մեղադրեց ընտրությունները գողանալու փորձի մեջ: Միաժամանակ ամերիկյան առաջատար հեռուստաալիքների հաշվարկների տվյալներով՝ առաջատարը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է:

armeniasputnik.am



Նման նյութեր