ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում, հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Բաքվի և Երևանի միջև բանակցությունների միջոցով:
Քիումարս Հեյդարին մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ընթացող հակամարտության կապակցությամբ: Նա հայտարարել է. «Ադրբեջանը և Հայաստանը պետք է հարգեն միջազգային իրավունքը, պաշտպանեն միջազգային սահմանները և խնդիրները լուծեն երկխոսության ու բանակցությունների միջոցով»:
Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության, բրիգադային գեներալ Հեյդարին նշել է.«Տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքականության պահպանումն Իրանի կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չպետք է փորձի փոխել այն»:
Իրանի բանակի հրամանատարը հավելել է, որ երկրի սահմանային շրջաններում բանակային ստորաբաժանումներ տեղակայելու հիմնական նպատակը սահմանների պաշտպանությունն է: Նրա խոսքերով. «Բանակը, կանգնած է ժողովրդի կողքին ու ապահովելու է նրա անվտանգությունն ու խաղաղությունը»:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջանը 135 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր փուլի սկզբից ի վեր, տասնյակ ականներ են ընկել Իրանի տարածքում, մասնավորապես Խոդաաֆարին շրջանում: