Սրբազանի զանգը սթափեցնող էր: Կռիվը հատել էր կանխատեսելիության եզրագիծը: Հեռավոր հարավում չկար հողակտոր` շունչ առնելու, ժամացույցի սլաքի վայրկենական զարկին դուելի կանչող հրետակոծության արանքում ընկերոջը գրկելու:
Եպիսկոպոսն էր կապի դուրս եկել: Գործընկերոջս տեսել, անմիջապես խնդրել էր զանգահարել: Ստացվել էր:
Bishop Bagrat Galstanyan-ի օրհնության պահին, թվում է կանգնեց հարձակումը մեր գլխավերևում: Գուցե նախախնամություն էր, բայց երկրորդող ձայները մարեցին: Խոսեց շատ տաք ձայնով, ջերմությունը տարածելով, մեզ հասցնելով:
Հոգևորականը, որի ամենամեծ առաքելությունը պիտի վանքում աղոթք բարձրացնելը լիներ, մի հեռու, խաղաղ պատերի ներքո, Արցախ եկավ: Շուշի եկավ: Սա ամենամեծ ուղերձն էր, կոչն էր, մարտակոչն էր` վիրավոր վանքից շարականով ապրելու, ապրեցնելու:
Սա հայի, պաշտպանի, զենքի օրհնություն էր, օծումը` խաչով: Սրբազանը կարծես ճգնեց արծիվների բարձրում ու մնաց մարտնչող Շուշիում: Ու ամրագրեց. Հայ մարտիկի հաղթանակը խաչով է օրհնված, կռիվն արդարությամբ է բարուրված և պիտի ղողանջի` Ղազանչեցոցի չլռող զանգերի պես: Սա է մեր պատերազմի խաչվառը:
Ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններում գնդերեցներն են, առաջին շարքի զինվորի հետ, զրահաբաճկոնով, սաղավարտով: Նրանք խաղաղություն չեն քարոզում, նրանք արդար հաղթանակի կոչնակ են: Սա է ազգային եկեղեցու Ազգայինը:
Պատերազմը ծանր է, դանդաղ ընթացող ու արագ փոփոխվող: Պատերազմը համառության ու նվիրումի մեծ չափաբաժին է պատրաստել մեզ համար: Մենք ընդունել ենք այդ մարտահրավերը, մենք գիտակցաբար ենք նետվում հանուն փրկության` հանուն Շուշիի: Բերդաքաղաքն էլ, Արցախն էլ մեր Դրոշն են ու մեր Խաչը: Մենք ամուր ենք պահելու, ամենուր ենք ծածանելու: Մեր կռիվը հանուն մեզ է:
Շուշին հաղթելու է, Արցախը հաղթելու է: Մեկ պարզ պատճառով. Մեր զենքն օծված է խաչով, սիրով, նվիրումով, մեր զինվորը նվիրված է իր արյունով օծված հողին, սարին ու քարին և սա… սա փոխադարձ է:
Լռությամբ, համառությամբ ու հերոսությամբ ենք եզրափակելու այս բեկումը ու զսպվածությամբ ու ողջամտությամբ ենք պահելու Արցախը: Շուշին ցրելու է մշուշը:
Ամեն
Դավիթ Դավթյանի ֆեյսբուքյան էջից
Զենքը խաչով մկրտելու մասին
Սրբազանի զանգը սթափեցնող էր: Կռիվը հատել էր կանխատեսելիության եզրագիծը: Հեռավոր հարավում…
Опубликовано David Davtyan Понедельник, 9 ноября 2020 г.