Ի դեպ, ԱԺ-ն «գրավելու» և այնտեղ տնօրինություն անելու մասին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում զարմացել է. «Իհարկե, հերթով, կարգով ամեն ինչ ավելի պարզ կդառնա, իհարկե, այսօրվա անխտիր բոլոր զարգացումները հասկանալի կդառնան և կթողնեն իրենց ազդեցությունը պատմության հետագա ընթացքի վրա: Շատ բաների մասին չի կարելի հիմա խոսել: Բայց հիմա կուզեի հասկանալ՝ այդ ո՞ւմ էին փնտրում ԱԺ խուժածները մեր գրասեղանների դարակներում ու գրապահարաններում…»։
Լավ է… Լո՞ւրջ… Իսկ դուք 2018թ մայիսի 8-ին, երբ թիմով լցվել էիք Նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26, ի՞նչ էիք փնտրում Սերժ Սարգսյանի դարակներում:
Իսկ կարո՞ղ է Վահագն Թևոսյանը մի քիչ փորփրի հիշողությունն ու հանկարծ հիշի՝ որտեղի՞ց էին իր թիմակիցները կոնֆետներ հանում ու սելֆի անում, մարդիկ, ովքեր երեկվա ներխուժածների նման սովորական մարդիկ չէին, այլ բարձրաստիճան պաշտոնների հավակնորդներ:
Թե՞ մոռացել եք՝ ո՞նց էիք զմայլվել նախագահականի սենյակներով ու խմբակային լուսանկարներ էր, որ այս կամ այն հատվածից հրապարակում էիք:
Իսկ գուցե հիշեք, այնուամենայնիվ, թե ինչպե՞ս անհետացան Ռիտա Սարգսյանի պատրաստած նռան հյութերը կառավարական ամառանոցից, և ո՞վ էր այդ ընթացքում նրանց պատկից հարևանը:
Իմքայլական պատգամավոր, ողջ քայլերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքից մեկ մետր անգամ չհեռացող ու նրան շարունակ ջուր մատակարարող Հայկ Սարգսյանի Էքսկուրսիան էլ չմոռանաք Բաղրամյան 26-ով, երբ հրապարակվեց տեսանյութ, թե ինչպես է նա զվարճանում գեղեցիկ աղջիկների հետ, և ինչպես էր այդ աղջիկներից մեկը ՀՀ նախագահի նստավայրում ֆոտոսեսիաներ արել ու դրա վերաբերյալ տեսանյութ հրապարակել «Ինստագրամում»։
ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ