Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են: Այս մասին Դավիթ Տոնոյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Շատ արագ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ուժերը: Տեղակայումը իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,- ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե շատերը ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության տակ ստորագրելը համարեցին որպես դավաճանություն, պարտություն՝ Տոնոյանն ասաց.
«Ես, իհարկե, վիրավորական եմ դիտարկում այդպիսի պիտակավորումները, որովհետև զինված ուժերը՝ պաշպանության նախարարությունը իր ամբողջ զինվորական և քաղաքացիական համակարգով, զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել է առավելագույնը, որպեսզի կարողանանք հաջողության հասնել: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով եղել ենք տոտալ շրջափակման մեջ: Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և մարտական և սպառազինության տեխնիկայի ապահովման, ռազմական գործողությունների տեսանկյունից կարելի է հերոսամարտ անվանել, արվել է անհնարինը: Զինված ուժերը՝ սկսած ժամկետային զինծառայողներից, մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրսը կատարել են առավելագույն հնարավորը: Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի, Ադրբեջանի զինված ուժերին՝ գերսպառազինված: Եվ եթե ինձ կարող են հարցնել՝ ինչո՞ւ դուք սպառազինված չեք եղել, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, Հայաստանի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են: Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության տեսանկյունից և հրամանատարական կազմի, փորձագետների, հրահանգիչների, կառավարիչների, մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների առումով: Դա բավականին մեծ ուժ է եղել, որին դիմակայել է մեր բանակը, մեր պաշտպանական բանակը և պատվով է դուրս եղել»:
Հարցին՝ կարող է վստահեցնել, որ արվել է առավելագույնը, Տոնոյանը պատասխանել է. «Վստահեցնում եմ, որ արվել է առավելագույնը: Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որոնք Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի աջակցությամբ, որոշ պարագաներում անհնարին է դարձրել մեր արձագանքը: Թուրքիայի ներկայությունը բացահայտ է եղել: Սպառազինությունը, որը տրամադրվել է շատ կարճ ժամանակահատվածում՝ հուլիս-օգոստոս ամիսներին, օգտագործվել է մեր դեմ սեպտեմբերի 27-ից սկսած»:
Անդրադառնալով պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելուն՝ Տոնոյանն ընդգծեց, որ զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կայացվել այս որոշումը:
Դիտարկմանը, թե պատերազմի ընթացքում Շուշիի վերաբերյալ հակասական գնահատականներ են եղել՝ Տոնոյանն ասաց, որ Շուշիի շուրջ իրականացվող գործողությունները եղել են շատ դինամիկ: «Օրինակ, կարող եմ ասել, որ մեր մամուլի խոսնակը կամ մեր ներկայացուցիչը ելույթ ունենալուց նկարագրում էր մի իրավիճակ, իսկ այդ ժամանակահատվածում փոփոխություններ էին լինում: Ինտենսիվ նախ իրականացվում էր հրթիռահրետակոծություն, օգտագործվում էին հատուկ ուժեր, վարձկաններ, քաղաքը պաշարված էր, շրջափակված էր, բայց հերոսամարտը շարունակվում էր, մարտական գործողությունները հաջողության էին հասնում, որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն և մինչև վերջին օրը Շուշի քաղաքում մեր ուժերը եղել են, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել ամբողջական վերահսկողությունը Շուշիի նկատմամբ վերականգնելու առումով»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:
Եթե իրերի դրությունն այսպիսին էր, ինչու էր ՊՆ-ն ողջ ճշմարտությունը մարդկանց չէր ասում:
Տոնոյանը չհամաձայնեց քննադատությունների հետ, թե պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ բավարար տեղեկություններ չի տրամադրել հասարակությանը.
«Ես կարծում եմ, որ մենք շատ ազնիվ կերպով ներկայացրել ենք իրավիճակը, ես կարծում եմ, որ հակառակորդի կողմից իրականացվող գործողությունները և մեր պատասխանները, այդ քանակությամբ սպառազինության, ռազմական տեխնիկայի, ԱԹՍ-ների ոչնչացումը նկարագրում էր, թե ինչ ինտենսիվությամբ ռազմական գործողություններ են իրականացվել: Զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար ներկայացրել են ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր նաև հակառակորդին մոլորության մեջ գցել, տեղեկատվական գործողությունների որոշ սկզբունքներ գոյություն ունեն: Անհրաժեշտ է եղել նաև մեր հասարակությանն ու բանակին ոգևորել: Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ մենք բավարար տեղեկատվություն չենք տրամադրել և հասարակության մոտ թյուրըմբռնում է եղել ռազմական գործողությունների վարման նկատմամբ: Որոշ ուղղություններով ՀՕՊ-ի, մեր օդաչուների, հրետանավորների, հետևակի գործունեությունը պարբերաբար ներկայացվել է: Իրականում հավատացեք ինձ արվել է անհնարինը, և մենք դա անընդհատ ներկայացրել ենք: Մեկ օրվա մեջ 6-7 ԱԹՍ է խոցվել, մենք մեկ օրվա մեջ միլիոն դոլարների վնաս ենք պատճառել հակառակորդին»:
Տոնոյանը շեշտեց, որ հայկական զինված ուժերը այս իրավիճակից դուրս են գալիս ուժեղ, բավականին փորձված, կոփված: «Դուք գիտեք, որ միշտ պատերազմներից հետո զինված ուժերը դուրս են գալիս շատ ավելի ուժեղ, ավելի փորձառու են դառնում: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, շարունակելու ենք զինված ուժերում բարեփոխումները, շարունակելու ենք մեր զինված ուժերի սպառազինումը գերժամանակակից միջոցներով, վերանայելու ենք, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը, որը իրականում խնդրահարույց էր այսպիսի պատերազմի ժամանակ: Մենք շատ ուժեղ ենք դուրս եկել այս իրավիճակից»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:
Նրա գնահատմամբ՝ այսօրվա համաձայնագիրն առավելագույնն է, որը կարելի էր ունենալ, Ռուսաստանի Դաշնության խաղաղարարների տեղակայման առումով սա լավագույն տարբերակն էր, որը մշակվել է շատ կարճ ժամանակահատվածում: «Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթն ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայմանն է վերաբերվումն: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին, որ այդ աջակցությունը մենք ստացանք»,- ասաց նախարարը: