ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ ԼՂ-ի վերաբերյալ այն ծավալի տեղեկատվությունը, որն այս պահի դրությամբ հրապարակվել է վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, առավելագույնն է, որ այս պահին հնարավոր է հանրայնացնել։ Այս մասին Աղաջանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք, ներառյալ իրենց քաղաքական թիմը, պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվության իր բաժինը:
«Վստահեցնում ենք, որ այն ծավալի տեղեկատվությունը, որն այս պահի դրությամբ հրապարակվել է վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, առավելագույնն է, որ այս պահին հնարավոր է հանրայնացնել։ Բայց և պետք է վստահ լինեք, որ որևէ մանրուք այս ամբողջ գործընթացի վերաբերյալ հանրությունից չի թաքցվելու։ Դա ուղղակի բացառված է: Մենք դա տեսնում ենք, և հատկապես այս իրավիճակում դա առավել քան պարտավորեցնող է։ Միաժամանակ, յուրաքանչյուր ոք, ներառյալ մեր քաղաքական թիմը, պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվության իր բաժինը։ Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը և օրենքով սահմանված բոլոր միջոցները գործարկելու ենք այդ նպատակին հասնելու համար»,- գրել է Աղաջանյանը: