Դեկտեմբերի 31-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի կունենա Miss Tourism International համաշխարհային 19-րդ մրցույթի եզրափակիչ երեկոն, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի 19-ամյա Լյուսի Հարությունյանը: Մինչ այդ՝ քսան օր շարունակ աշխարհի 60 երկրներից ժամանած գեղեցկուհիները կայցելեն Կուալա Լումպուրի մշակութային, պատմական և հանրային նշանակության վայրեր, կմասնակցեն մի շարք միջոցառումների՝ հնարավորություն ստանալով ճանաչել ոչ միայն Մալայզիան, այլև այնտեղ ներկայացնել սեփական երկիրը: «Առաջարկը, որը ստացել եմ «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանից, մեծ ոգևորությամբ եմ ընդունել: Մալայզիան Հայաստանից տարբերվող քաղաքակրթություն ունի: Այս հանգամանքն արդեն բավական է, որ վստահ լինեմ, թե որքան հետաքրքիր է լինելու ինձ համար անծանոթ մշակույթի հետ մոտիկից առնչվելը»,-ասաց Լյուսին՝ մեզ հետ զրույցում:
Miss Tourism International-ի եզրափակիչը մի քանի մրցույթներ է ենթադրում, ի թիվս որոնց մասնակիցները ներկայանալու են նաև ազգային հագուստով: «Ազգային տարազը շատ եմ կարևորում, կարծում եմ՝ նման մրցույթները հնարավորություն են տալիս աշխարհին տեղեկացնելու, ներկայացնելու, թե որքան հետաքրքիր է հայկական տարազը, թե մեր հնագույն մշակույթը տարիների ընթացքում ինչպիսի ազդեցություն է ունեցել ազգային հագուստի վրա: Տարազն՝ ընդհանրապես, ինքն էլ մի յուրօրինակ մշակույթ է, որը արտացոլում է տվյալ ժողովրդի ազգային հատկանիշները, տրամադրությունը, երկրի բնությանը հատուկ գույները»,-հավելեց Լյուսի Հարությունյանը: Նրա համար «տարազը նաև երաժշտություն է, ճարտարապետություն, գեղանկարչություն»: Մալայզիայում ներկայացվելիք ազգային հագուստը «Տերյան» մշակութային կենտրոնի հավաքածուից է: Հայ գեղեցկուհու խոսքով՝ իր համար մեծ պատիվ է կրել դիզայներ Լիլիթ Մելիքյանի հեղինակած զգեստը. «Լիլիթ Մելիքյանը հայտնի է տարազի թարմ, ժամանակակից լուծումներով, ազգայինի նորովի մատուցմամբ»:
Հավելենք, որ Լյուսի Հարությունյանը կիթառահար է, սովորում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի գործիքային բաժնում, ավարտել է նաև «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելային դասընթացները, երաժշտությանը զուգահեռ զբաղվում է մոդելային աշխատանքով: