«Հայկական բանակի անպարտելիության դատարկախոսությունը վկայում է միայն դրա մասին խոսողների անամոթության ու մուխաննաթության մասին, ովքեր համերաշխորեն թյուրիմացության մեջ են պահում ժողովրդին՝ հավատացնելով, թե բանակը կարող է ուժեղ լինել աղետյալ թիկունք ունեցող երկրում:
Իսկ թիկունքը պիտի լիներ երկրի տնտեսությունը, որը չկա: Թշնամին, բնականաբար, գիտի այդ մասին: Մնում է սեփական ժողովրդին չխաբել: Կամ «մարտական ոգին բարձր պահելու համար» խաբել գոնե այն չափով, որ անակնկալն աղետալի չլինի:
Ադրբեջանին պատերազմ սկսելուց ետ է պահում ոչ թե հայկական բանակի անպարտելիության միֆը, այլ՝ որ մեծ տերությունները դեռեւս դեմ են պատերազմին: Այսինքն, մեր անվտանգության հիմնական երաշխիքը մեծ տերությունների՝ տարածաշրջանում խախուտ խաղաղությունը պահպանելու կամքն է, ոչ թե բանակը: Բայց այդ ռեսուրսը անսպառ լինել չի կարող:
Կոնֆլիկտի վերջնական լուծման հետագա ձգձգումը հղի է Հվ. Կովկասում հավասարակշռության նվազագույն շեմի անկմամբ, ինչը ձեռնտու չի լինի Ռուսաստանին:
Ռուսաստանի համար հակամարտության չկարգավորված վիճակը վտանգավոր է նաեւ այնքանով, որ չի բացառվում այն, որ Ադրբեջանը մի օր կարող է կտրուկ շրջադարձ անել դեպի Թուրքիա եւ Ռուսաստանին կանգնեցնել թուրք-ադրբեջանական ընդհանուր պետության նման մի բանի դիմաց: Իսկ այս տարբերակը կանխելու փորձը կհանգեցնի արդեն մեծ պատերազմի:
Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես հայաբնակ շրջան՝ թեկուզ խաղաղարար ուժերի տեսքով: Հետո կարող է ուշ լինել թեկուզեւ այն պատճառով, որ անհնար կլինի ոչ միայն Ղարաբաղի ինքնավարությունը պահելը՝ ի հակակշիռ Ադրբեջանի, այլեւ հարցականի տակ կլինի Հայաստանում ռուսական ազդեցության պահպանումը:
Եւ ուրեմն՝ վերադարձը դեպի Մայր Ռուսաստան մնում է խիստ հավանական:
28 մարտ 2001թ
Վանո Սիրադեղյան