Համացանցում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են մարդիկ արտաշիրիմում իրականացնում Արցախի այն տարածքներում, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։
Քարվաճառի գերեզմանների լուսանկարներից մեկը իր թելեգրամյան օգտահաշվում հրապարակել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը և կից գրել է․ «Հայի գերեզման Քարվաճառում։ Թշնամու պղծմանը չթողնելու համար բնակիչներն ստիպված են եղել առանց համապատասխան պետական աջակցության ինքնագործ կերպով արտաշիրիմում իրականացնել»։
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հակոբյանը ևս հրապարակել է լուսանկարներ և կից գրել․ «Մեկ գրչի հարվածով, առանց մարտերի, հանձնված հողից մարդիկ հանել իրենց հետ տարել են ննջեցյալներին…Դուք ի վիճակի՞ եք ապրել սրանով»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին ադրբեջանա–թուրքական տանդեմը պատերազմ սանձազերծեց Արցախում։ 44 օր տևած պատերազմն ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությամբ, որի արդյունքում Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։