Charite կլինիկայի գիտնականները (Գերմանիա) հայտնաբերել են առնետից մարդուն «Սեուլ» հանտավիրուսի փոխանցման առաջին դեպքը: Այս մասին հաղորդվում է բժշկական հաստատության կայքում:
Ֆրիդրիխ Լեֆլերի ինստիտուտի գործընկերների հետ համատեղ կլինիկայի մասնագետները վիրուսը հայտնաբերել են երիտասարդ հիվանդի եւ նրա առնետի մոտ: Երբ կնոջ մոտ սուր երիկամային անբավարարության ախտանիշներ են հայտնվել, նա հոսպիտալացվել է եւ ընդունվել վերակենդանացման բաժանմունք: Սերոլոգիական փորձաքննությունը հիվանդի մոտ հանտավիրուսային վարակ է ախտորոշել, սակայն հանտավիրուսի տեսակը պարզել չի հաջողվել:
Մոլեկուլային ախտորոշման հատուկ տեխնիկայի շնորհիվ հնարավոր է եղել հաստատել կնոջ եւ կրծողի վարակման փաստը:
Lenta.ru-ի փոխանցմամբ` այս վիրուսն ի սկզբանե հայտնվել էր Ասիայում, իսկ Եվրոպա, ըստ գիտնականների, այն բերվել է նավեր ներթափանցած առնետների միջոցով: Ընդ որում, Գերմանիայում հանտավիրուսն առաջին անգամ է հայտնաբերվել: Գիտնականները մտավախություններ ունեն, որ առնետները, որոնք որպես վիրուսի կրողներ են հանդես գալիս, կարող են այն տարածել ամբողջ աշխարհում: Այս կապակցությամբ նրանք կրծողների տերերին հորդորել են զգոն լինել:
Հանտավիրուսային վարակի ախտանիշները նման են գրիպի կամ մրսածության ախտանիշներին: Ծանր դեպքերում կարող է թոքերի վնասում, սրտի անբավարարություն եւ հեմոռագիկ տենդ առաջանալ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտին Չինաստանում մի մարդ էր մահացել, ում մոտ հանտավիրուս էր ախտորոշվել: Յուննան նահանգի բնակիչը մահացել էր հասարակական տրանսպորտում, որն ուղեւորվում էր դեպի Շանդուն: