Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մեկնաբանել է իշխանական պատգամավորների սպասվող հրաժարականների մասին լուրերը։
«Իշխանական բուրգը փլուզված է, ներսից` նեխած, ընդամենը կա վախ Նիկոլ Փաշինյանից, որն իր անհավասարակշիռ, պաշտոնյային ոչ վայել բառապաշարով վախեցնում է թիմակիցներին։ Նա չի կարող խուսափել հրաժարականից, կարող է երկարաձգել իր պաշտոնավարումը` փորձելով որոշակի երաշխիքներ ստանալ իր, իր ընտանիքի, իր մտերիմների համար»,- ասաց նա։
Նրա դիտարկմամբ` իշխանության ներսում բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարելու որևէ շանս չունի։
Ինչ վերաբերում է տեսակետին, թե վարչապետի հրաժարականն այս փուլում երկիրը կարող է ցնցումների առաջ կանգնեցնել, Քոչարյանը նշեց, որ եթե ամեն ինչ համակարգված լինի, հնարավոր է այդ ամենից խուսափել, մինչդեռ, եթե Փաշինյանը շարունակի համառել և հասարակությանը խաբել, ցնցումներ անխուսափելի են։
«Ժողովրդական լեզվով ասած` այդ մարդու բերանում դուզ խոսք չկա։ Իրեն հարցնում են` մինչև հայտարարությունը ստորագրելն այլ առաջարկներ եղե՞լ են, ասում է` բացարձակ սուտ է, հետո ասում է, որ ռուս խաղաղապահները Հայաստան են եկել հայտարարությունը ստորագրելուց հետո միայն, բայց ամբողջ Երևանը 3-4 օր չէր քնում ինքնաթիռների ձայնից, և ստորագրելուց 10 րոպե հետո մենք տեսանք` ինչպես ռուսական զորքը սկսեց մտնել Լաչինի միջանցքով, և այսպես շարունակ»։
Քաղտեխնոլոգի խոսքով` առաջիկայում ականատես կլինենք նոր հրաժարականների, քանի որ արդեն 5 օր է, որ գրեթե բոլոր պետական ինստիտուտներն անգործության են մատնված։
Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվելու ցանկության մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գայանե Աբրահամյանն ասել է, որ հրաժարվում է մանդատից, իսկ Թագուհի Թովմասյանը նշել է, որ դուրս է գալիս «Իմ քայլից»։
Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին է հայտնել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել է, որ դուրս է գալիս խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր։