Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածությունները պահվում են, և իրավիճակն այնտեղ կայունանում է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն այս մասին ասել է BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:
Խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ սեպտեմբերին սրվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: «Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները երկու բարեկամական երկրների միջև և համոզել նրանց հանգել փոխզիջումային որոշումների: Մեր միջնորդական ջանքերի արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի ամբողջական դադարեցման և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու մասին»,- ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ այդ ամենը ֆիքսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ: Նա կարոևրել է այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահվում են, ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունանում է:
ՌԴ նախագահի խոսքով՝ այդպիսով պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդ որում արդար հիմքի վրա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդների համար: