Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի առիթով հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագիրը անհայտ է մնում: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը որոշել է չհանրայնացնել հանգանակություններով ստացված փոխանցումների մասին տեղեկատվությունը, կայքում ևս չկա վերջնական մուտքերի ու ելքերի մասին պաշտոնական տեղեկատվություն:
Մինչդեռ Yerevan.Today-ին փոխանցված տվյալներով՝ նվիրատվությունների մի զգալի մասը պատերազմի թեժ օրերին ծածուկ պայմանավորվածությամբ՝ փոխանցվել է ՀՀ պետբյուջե և այն վերածվել է սովորական բյուջետային ծախսերի, ըստ որում հայտնի չէ՝ ի՞նչ ծավալով և կոնկրետ ի՞նչ նպատակային ծախսի անվան տակ է փոխանցումն արվել:
Զավեշտմն այն է, որ այս սկանդալային ինֆորմացիան նախարարությունը հաստատեց ի սկզբանե՝ Yerevan.Today-ին՝ դեռևս երկու շաբաթ առաջ:
Ավելին, սկզբում տպավորություն կար, որ նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակված էր հայտնել մանրամասներ, բայց ինչ որ պահից՝ ֆիննանսների նախարարը որոշեց լռությամբ ջրից չոր դուրս գալ: Չի բացառվում նաև, որ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ցուցումով է որոշվել ծածկադմփոց անել՝ մինչև որ պարզ կդառնա հանրահավաքների ելքը կամ այս քաղաքական ռեժիմի ապագան:
Ընդգծենք, նոյեմբերի 2-ին, երբ հեռախոսով կապ հաստատեցինք հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ իրավունքով , ու՞մ ցուցումով ու թույլատվությամբ է հիմնադրամի տնօրենը պետբյուջե գումարներ փոխանցել նվիրատվությունների հաշվին, պարոն Արշամյանը վախենալով, որ մեծ աղմուկ կբարձրանա, մի քանի զանգով թախանձագին խնդրեց, որպեսզի հրաժարվենք ինֆորմացիան հրապարակելու մտքից՝ պատճառաբանելով, թե պատերազմ է, դրանով կվնասենք Հիմնադրամի հեղինակությանը: Բայց պետք է խոստովանենք, որ այդ պահից սկսած՝ մեր առջև բոլոր դռները փակվեցին: Ավելին, նա մեզ խոստացավ կանխել ֆինանսների նախարարի մեկնաբանությունը և իրականում այդպես էլ եղավ….
Նույն օրը՝ նոյեմբերի 2-ից, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին ուղարկված պաշտոնական հարցումը քնեցվել է միտումնավոր, փոխանցումների ծավալի, ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությունը համառորեն չի տրամադրում՝ լրացուցիչ ժամկետներ է նորից ուզել:
16 օր շարունակ նախարարությունից տարբեր պատճառաբանություններ են հնչում: Չնայած մեռ համառ զանգերին՝ այյդպես էլ մութ է մնում՝ ուր են պատերազմի թեժ օրերին «Մենք ենք, մեր սահմանները» խորագրի տակ աշխարհասփյուռ հայերից հանգանակված դոլարները, որոնք ուղղակիորեն նվիրաբերվել էին Արցախի պատերազմի ռազմական խնդիրների լուծման համար: 169 մլն 693 հազար 946 դոլարի ո՞ր մասն է փոխանցվել պետբյուջե, ինչո՞ւ և թե այդ ի՞նչ ծախսեր են իրականացվել նվիրատվությունների հաշվին, ինչպե՞ ս են լեգալացվել դրանք պաշտոնական փաստաթղքշթերում, Կառավարությունից վախենում են գաղտնազերծել:
Մենք փորձեցինք Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ կապվել, հասկանալու համար, արդյո՞ք այդ հարցը քննարկվել է։ Հաջողվեց միայն հեռախոսակապով կարճ զրուցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը Yerevan.Today-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ ինքը՝ որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, տեղեկացված չէ Հիմնադրամի ծախսերից կամ պետբյուջե փոխանցումներին.
Հոգաբարձուների խորհրդի նիստ կայացե՞լ է, կա այդպիսի որոշում և ինքն անձամբ տվե՞լ է իր համաձայնությունը այդ փոխանցման գաղափարին, հետաքրքրվեցինք նախագահ Ղուկասյանից։ «Ես անգամ գաղափար չունեմ, թե ինչ փոխանցումների մասին է խոսքը, ինձ այդ մասին տեղյակ չի պահվել»- Yerevan.Today-ին ասաց պարոն Ղուկասյանը:
Փորձեցինք մյուս անդամներից ևս պարզաբանումներ ստանալ, բայց ինչպես Մայր Աթոռից, այնպես էլ բարերարներից որևէ մեկը կապի դուրս չեկավ։
Ի դեպ, հոդվածի հրապարակումից 4 ժամ առաջ կրկին տարբեր կապերի միջոցով փորձեցինք Հայաստան հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի պարզաբանումը ստանալ, բայց նա կապի դուրս չեկավ, ստիպված ձայնային հաղորդագրություն ենք ուղարկել, որպեսզի հոդվածում նաև իր մեկնբանությունն անպայմանորեն զետեղվի…բայց պաշտոնյան նորից լուռ է:
Ու մինչ պարոն Արշամյանը հարկ կհամարի արձագանքել մեր հարցադրումներին, նշենք, որ ցավալորեն Հիմնադրամի գործունեության մասին հաջորդ զավեշտալի ինֆորմացիան է դրվել շրջանառութան մեջ: Խոսվում է, թե բարերարներից ոմանք արդեն իսկ տիրապետում են որոշակի ինֆորմացիայի և վրդովված իրենց նվիրատվոթւյուները հետ պահանջելու գործընթաց են սկսել:
Հուսանք մեր հրապարակումից հետո բոլոր հարցադրումներին սպառիչ պատասխաններ կստանանք ի վերջո թե հիմնադրամից, և՛ ՀՀ ֆիննանսների նախարարությունից:
Սյուզի Բադոյան