Հայկական խուցպա. politeconomy.org
Advertisement 1000 x 90

Հայկական խուցպա. politeconomy.org

Խուցպան կամ շուցպան (երկու արտասանությունն էլ ճիշտ է) երևույթ է, որը բնորոշ է հրեաներին։ Ավելին, այն համարվում է հրեաներին բնորոշ գործելակերպ, և այդ բառի ոչ մի թարգմանություն չի կարող արտահայտել այդ երևույթի բովանդակային նրբերանքները։

Հարվարդի իրավական դպրոցի պրոֆեսոր, անվանի փաստաբան ու իրավաբան Ալան Դերշովիչը պնդում է, որ այդ հատկության՝ խուցպայի շնորհիվ են հրեաները գրավել Ամերիկան։

Խուցպան բնորոշ է հրեաներին, և դրան կարելի է վերաբերվել թե՛ դրական, թե՛ բացասական։ Հասկանալի է, որ այդ երևույթը ոչ միայն հրեաներին է հատուկ, սակայն հենց նրանց մոտ է այն համարվում որպես ազգային դիմագծի կարևոր բնութագիր։

Այս հոդվածում մեզ հետաքրքրում է հայկական խուցպան, որը 2018-ին վերածվեց իշխանափոխության, և մինչ այժմ գործող կառավարության ղեկավարի վարվելակերպն է, սակայն մինչ դրան անցնելը, փորձենք հասկանալ դրա էությունը՝ հրեաների օրինակով։

Համացանցում խուցպայի մասին բազմաթիվ հոդվածներ է կարելի գտնել, որոնք մեծ մասամբ միմյանց կրկնում են։ Այստեղ կվերաշադրենք դրանց բովանդակության մի մասը, որից հետո կանցնենք հայկական «հեղափոխական» խուցպային։

«Խուցպայի» թարգմանությունը կարող է մոտավոր լինել՝ ըմբոստ լկտիություն, անհավանական սուտ, բոլոր գրված ու չգրված օրենքներն ու կանոնները խախտող քայլ, անհավանական աֆյոռա, ոչ նորմատիվային պահելակերպ ու մտածելակերպ։ Հրեաները խուցպան համարում են խիզախություն, ինտելեկտուալ համարձակություն՝ հիմնված գործողության վրա։ Դա անհնարինին հասնելու քայլ է։

Անհավանական արկածախնդրության, բարդ կոմբինացիաներով մախինացիաների, հանդուգն քայլերի ընդունակ մարդիկ հաճախ հասնում են այնպիսի հաջողությունների ու դիրքի, որոնց սովորական օրինապահ մարդիկ երբեք չեն գնա։ Խուցպայի «կանոններով» կարելի է նաև ակնհայտ, բայց հանդուգն ստի միջոցով զինաթափ անել դիմացինին։

Խուցպայի մասին հոդվածներում բերվում են օրինակներ, որոնք բնութագրում են այդ երևույթը։ Սիրված օրինակներից է ծնողներին սպանած անչափահասը, ով դատի ժամանակ դատարանից խնդրում է իր նկատմամբ ներողամիտ լինել, քանի որ ինքն որբ է։

Կամ երբ ուկրաինական օլիգարխին՝ Կոլոմոյսկուն մեղադրում են եռաքաղաքացիություն ունելալու մեջ, նա պատասխանում է, որ ուկրաինական օրենքներով արգելվում է երկքաղաքացիությունը, սակայն օրենքում եռաքաղաքացիության մասին ոչինչ ասված չէ։

Կամ երբ պարահանդեսի ժամանակ աղքատ ուսանողը պարի է հրավիրում պարահանդեսի գեղեցկուհուն, երբ մնացած բոլորը դա չեն հանդգնում անել՝ վախենալով մերժում ստանալ։

Շատերը համարում են, որ անգամ Իսրայելի ստեղծումը հրեական խուցպայի օրինակ է, որովհետև ոչ մի տրամաբանությամբ այն հնարավոր չէր ստեղծել, սակայն հրեաները այն ստեղծեցին՝ սթափ տրամաբանության բոլոր կանոներին դեմ գնալով։

Խուցպայի մասին հոդվածներում սիրում են մեջբերում կատարել Օստապ Բենդերի խոսքերը․ «Ամենակարևորը հակառակորդի շարքերում իրարանցում առաջացնելն է։ Թշնամին պետք է կորցնի հոգեկան հավասարակշռությունը։ Ինչի՞ց են վախենում մարդիկ։ Մարդիկ ամենաշատը վախենում են անհասկանալիից։ Այո՛, հնարավորինս շատ պետք է անհասկանլիություն լինի»։

Խուցպա բառը մտել է այլ լեզուներ։ Օրինակ, մի ուսումնասիրության մեջ նշվում է, որ ամերիկյան դատավճիռներում, սկսած 1980-ից, «խուցպա» բառը օգտագործվել է մոտ 200 անգամ, այն ժամանակ, երբ unmitigated gall (ակնհայտ լկտիություն) բառակապակցությունը՝ 13 անգամ։

Շատ տեսաբանների կարծիքով խուցպան բնորոշ է այն մարդկանց, որոնք այլ մշակութ կրելով (կամ առհասարակ որևէ սոցիումի նորմատիվային կանոներ չկրելով)՝ հայտնվում են մեկ այլ մշակույթում, օրինակ՝ այլազգիները կամ ռեգիոնից մեծ քաղաքում հայտնված անձինք։ Նման մարդկանց մոտ տեղային վարքագծային կանոնները թույլ չեն տալիս անցնել այն գրված ու չգրված վարքագծային սահմանները, որոնց միջավայրում կայացել են։ «Նորեկները» բաց են, ավելի համարձակ են ու պատրաստ են արկածախնդրությունների և բոլոր խաղի կանոնները ոտնահարելուն։

Հիմա անցնենք հոդվածի բուն նպատակին։ Բազմաթիվ հրեաներ կնախանձեին խուցպայի այն դրսևորումներին, որոնք հեղինակել ու իրագործել է «հայկական հեղափոխության» առաջնորդը։

«Սերժին մերժելուց» հետո, երբ առհասարակ փողոցից վարչապետ բերելու հանրային խնդիր գոյություն չուներ, Փաշինյանն ինքն իրեն հռչակում է «ժողովրդի վարչապետ» և իր մասին սկսում է խոսել երրորդ դեմքով կամ հայտարարում է, որ եթե ինքը վարչապետ չդառնա, ապա Հայաստանը վարչապետ այլևս չի ունենա։ Դա խուցպայի դասագրքային օրինակ է կարող դառնալ։

Խուցպայի ևս մի դասագրքային օրինակ է կարող դառնալ, երբ մինչ իշխանափոխությունն առաջարկում էր ՀՀ բոլոր քաղաքացիներին իր հետ պայմանագիր կնքել։

Խուցպային բնորոշ «լկտի» ստի օրինակ է, երբ հրապարակվում է գաղտնալսված ձայնագրություն, որտեղ ինքը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հետ քննարկում է մարդկանց ձերբակակելու մասին դատավորներին հրահանգ տալը, սակայն դրանից հետո հայտարարում, որ Հայաստանում դատարաններն ազատ են ու ոչ ոք այլևս չի կարող դատավորներին հրահանգներ տալ, ու դրանից հետո՝ որպես ճնշման միջոց, շրջափակում է դատարանները։ Բարոյական նորմեր, օրինականության թեկուզ ցածր պատրաստվածություն ունեցող ոչ մի մարդու մտքով չի կարող անգամ անցնել նման ակնհայտ սուտը։

Խուցպայի անհավանական օրինակ է նաև նախորդ, մինչև իշխանափոխությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Փաշինյանի առաջարկը քաղաքացիներին ընտրակաշառք չվերցնել՝ խոստանալով, որ եթե իր ուժը հաղթի, ապա այդ քաղաքացիներին քաղաքի բյուջեի հաշվին փոխհատուցում կտա, այսինքն՝ քաղաքի բյուջեից ընտրակաշառք է առաջարկում։ Նույնն իր կառավարության անդամներին վերջերս բյուջեի հաշվին աշխատավարձերի գաղտնի բարձրացումն է։

Խուցպայի լավ օրինակ է նաև այն, որ ինքը վարչապետ է դարձել օրենքի պահանջի խախտմամբ՝ չունենալով բարձրագույն կրթություն, սակայն մյուս պաշտոնյանների օրինականությունը վիճարկում է չնչին խախտումներ որոնելով։

Խուցպան երևույթ է՝ մտածողություն, որն որևէ հասարակությունում այդ հանրույթի մշակութային և վարքագծային նորմերին օտար անձը կարողանում է գործադրել հաջողության հասնելու համար։

Մինչ իշխանափոխությունը Հայաստանում բազմաթիվ հանցագործություններ ու իրավախախտումներ են եղել, սակայն խուցպայի նման դրսևորումներ դեռևս չեն եղել։ Մենք ապագայում ևս նման օրինակներ կունենանք, և գուցե այս օրինակը հետագայում վարակիչ լինի նաև ընդդիմադիրների համար։

Ստեփան Դանիելյան

24 Հոկտեմբերի, 2019

politeconomy.org



Նման նյութեր