Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հնարավոր Է համարել, որ ԵՄ-ի ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում կարող են քննարկել Անկարայի նկատմամբ պատժամիջոցները՝ Արեւելյան Միջերկրածովում նրա գործողությունների համար:
«Ցավոք, ամեն անգամ տեղի են ունենում նոր սադրանքներ, ուստի դա Թուրքիայի ձեռքում Է: Եթե մինչեւ դեկտեմբեր Թուրքիայից դրական ազդակներ չլինեն, եթե լինեն հետագա սադրանքներ, ինչպես Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս, ապա կլինեն շատ դժվարին բանավեճեր (դեկտեմբերին ԵՄ-ի ղեկավարների)»,-հայտարարել Է Մաասը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցությունից առաջ, որը տեղի Է ունեցել տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Առայժմ, նրա խոսքով, Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտության կարգավորման փորձերն արդյունքների չեն հանգեցրել, որոնք ակնկալում են Եվրոպայում: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք Անկարայի դեմ պատժամիջոցները, նախարարն ընդգծել Է, որ ԵՄ-ում այդ հարցը բարձրացրել են նաեւ ավելի վաղ: Մաասը կոնկրետ երկրներ չի նշել, բայց ակնարկել Է Կիպրոսը եւ Հունաստանը, որոնք ընթացիկ տարում այդ հարցը դրել են եվրոպական բանակցությունների շրջանակներում:
«Եթե բարելավումներ չլինեն Թուրքիայի առնչությամբ, ապա կելնեմ այն բանից, որ թեման (պատժամիջոցների) կրկին դեր կխաղա դեկտեմբերին ԵՄ-ի խորհրդում»,-հայտարարել Է Մաասը: Վերջին ժամանակներս Աթենքի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են: Դա կապված Է այն բանի հետ, որ թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետազոտություններ Է անցկացնում Արեւելյան Միջերկրածովի շրջանում, որը Հունաստանը համարում Է իր բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ): Հունաստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության են բերվել: Թուրքիան նաեւ հետազոտություններ Է անցկացնում Կիպրոսի մերձակայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: