Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 20-ին երեխաների համաշխարհային օրվա առթիվ նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ տիկին Ֆոր,
Նոյեմբերի 20-ը քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է, քանզի հենց այդ օրն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959 թ.) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989 թ.): Այս երկու փաստաթղթերը հիմնված են մարդկության կարևոր առաքելության վրա` անվերապահորեն պաշտպանելու երեխաների իրավունքները ցանկացած իրավիճակում` երաշխավորելով նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմանները:
Ցավոք, այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) երեխաները զրկված են իրենց իրավունքներից, այդ թվում ՝ երեխաների կյանքի, առողջության իրավունքից, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքից, անձնային զարգացման ու պաշտպանության իրավունքից, կրթության իրավունքից և մի շարք այլ հիմնարար իրավունքներից: Նրանք զրկված են իրենց իրավունքներից սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և չտարբերակված հարվածների է ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ: Քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է առնվազն 50 զոհ և 163 վիրավոր, ներառյալ՝ 1 զոհված և 9 վիրավոր երեխա:
Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաներն իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով առավել անվտանգ վայրերում՝ Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում:
Դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև դպրոցները, մանկապարտեզները և հիվանդանոցները: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 դպրոցական տարիքի և 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ:
Ադրբեջանական օկուպացիայի և Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն՝ զրկվելով իրենց իրավունքներից և անհոգ մանկությունից: Բազմաթիվ երեխաներ կորցրել են իրենց հայրիկներին ու հարազատներին, ականատես են եղել հրետակոծությունների, ինչը հանգեցրել է ծանր հոգեբանական տրավմաների և զարգացմանը խոչընդոտող այլ հետևանքների:
Որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ ես պատրաստել եմ արտահերթ զեկույց, որում փաստագրել և վերլուծել եմ Ադրբեջանի կողմից Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները:
Առաջնահերթ համարելով ցանկացած հանգամանքներում երեխաների իրավունքների պաշտպանությունը և ակնկալելով աշխարհի բոլոր երեխաների պաշտպանը լինելու Ձեր վճռական հանձնառությունը՝ Ձեզ եմ ուղարկում վերոնշյալ զեկույցը և խնդրում պատշաճորեն արձանագրել Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»: