Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, նշելով, որ քաղաքային խորհուրդը նաև որոշում է կայացրել 30 հազար եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին, որը կուղղվի պատերազմից տուժած խաղաղ բնակչության կարիքներին։
«2020թ. սեպտեմբերից ականատեսն ենք Կովկասում ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, որում հայ ժողովորդը բախվեց ադրբեջանական բանակի հարձակմանը։ Իրավիճակը նախկին սովետական միության այս տարածքում բավականին բարդ է։ Նոյեմբերի 9-ին դադարեցված հակամարտությունը դեռ ամենևին էլ չի ավարտվել։ Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և մասնավորապես հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից։ 2017 թ.-ից ի վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից»,- ասված է որոշման տեքստում:
Քաղաքային խորհուրդն անհրաժեշտ է համարել պարտադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը Ադրբեջանին, որի վարչակարգը միջազգային հարթակում արժանանում է խիստ քննադատության։
«Տարածաշրջանային գերտերություն Թուրքիան պետք է իր քաղաքական ազդեցությունն ունենա իր դաշնակից Բաքվի իշխանությունների վրա՝ խաղաղության տևական լուծումը խթանելու համար: Ֆրանսիան՝ Եվրամիության աջակցությամբ, պետք է աշխատի այս ուղղությամբ։ Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է պարտադրեն մարդասիրական միջանցքներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչությանն առաջին անհրաժեշտության և ոչ ռազմական ապրանքներով ապահովելու համար: Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած դարավոր բարեկամությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի և հիմնարար ազատությունների պաշտպանության ֆրանսիական համընդհանուր և հումանիստական ավանդույթը պահանջում են, որպեսզի Ֆրանսիան բացի Ազգերի ուղին և անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով Արցախի բնակչության առաջին պատվարը»,- նշված է որոշման մեջ:
Ըստ քաղաքային խորհրդի անդամների` միջազգային ճանաչումը հնարավորություն կտա երաշխավորել Արցախի սահմանների ամբողջականությունը և արդյունավետորեն պաշտպանել երկրի բնակչությանը, որն իրավունք ունի, ինչպես Ադրբեջանի բնակչությունը, ապրել խաղաղ և որոնել զարգացման լավագույն ուղին:
«Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝ դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները, կոչ է անում կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով բոլոր դիվանագիտական ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը և այդպիսով մերժելով ռազմական լուծման ցանկացած ձև, կոչ է անում կառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որոշում է ընդունում 30 000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»,- ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ: