Դուք երկու տարի շարունակ այս տաղավարում նախկին ու նոր եք արել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Առաջին ալիքի եթերում` Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նախկին իշխանություններն ի վիճակի են փոխել պառակտված հասարակության մթնոլորտը։
«Ե՞ս եմ նախկին, թե՞ դուք, ե՞ս եմ նախկին, թե՞ Վաղարշակ Հարությունյանը, ե՞ս, թե՞ Անդրանիկ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանն ու դուք եք նախկին, որ նախկին ու նոր անելով պառակտեցիք այս հասարակությանը, բերիq, հասցրիq այս օրին։ Նախկինները Շուշի, Հադրութ չեն տվել, տվել է Նիկոլ Փաշինյանը։ Գոնե հիմա, երբ Շուշիում եւ Հադրութում բարձրանում է ադրբեջանական դրոշը, ամաչեք ու հին ու նոր մի արեք»,- ասել է նա։
Նշենք, որ Պետրոս Ղազարյանը մինչեւ նոր իշխանությունների օրոք Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվելը՝ 15 տարի՝ 2003-ից մինչեւ 2018թ․, աշխատել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող «Կենտրոն» հեռուստաալիքում, համարվել է ԲՀԿ-ի եւ, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի գլխավոր քարոզիչներից մեկը, ավելին, նրան էր վստահվում հեռուստաընկերությունում Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցներ անելը։ Բացի դրանից 2018թ․ սեպտեմբերին կայացած՝ Երևանի ավագանու ընտրություններում, ԲՀԿ ցուցակի երկրորդ համարով եղել է ավագանու թեկնածու։
Դրանից հետո Պետրոս Ղազարյանը տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն՝ որպես լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն (այժմ արդեն նախկին) եւ մինչեւ այս պահը զբաղվում է գործող իշխանությունների ակտիվ քարոզչությամբ՝ քննադատելով նախկիններին՝ այդ թվում իր նախկին գործընկերներ ԲՀԿ-ականներին։