«Ես վտանգի կանխազգացում ունեմ», «Էսի պանիկա չի, թուրքերն էլ են արդեն ջոկել, որ մենք պառակտվել ենք». Սեյրան Սարոյանի, Աղվան Վարդանյանի «մարգարեական» զգուշացումները. aravot.am
Advertisement 1000 x 90

«Ես վտանգի կանխազգացում ունեմ», «Էսի պանիկա չի, թուրքերն էլ են արդեն ջոկել, որ մենք պառակտվել ենք». Սեյրան Սարոյանի, Աղվան Վարդանյանի «մարգարեական» զգուշացումները. aravot.am

2018-ի մայիսի 1-ին, երբ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին վարչապետ էին ընտրում, ուշագրավ ելույթներ ու հարցադրումներ եղան Արցախի հողերի, մեր անվտանգության հետ կապված:

Թեկնածու Փաշինյանի ելույթը լսելուց հետո այն ժամանակ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նրան հարցրեց՝ Արցախյան հիմնահարցում դուք որեւէ հայեցակարգ չներկայացրեցիք՝ ինչպե՞ս եք բանակցելու, ո՞րն է ձեր փոխզիջման գինը, գնալո՞ւ եք փոխզիջումների, թե ոչ, ի՞նչ է լինելու 7 ազատագրված տարածքների ճակատագիրը։ Ասում եք՝ ռազմական բյուջեն կավելացնեք։ Շատ լավ է, որ կավելացնեք՝ ինչպե՞ս։ Ես այդ հարցի պատասխանը չստացա։

Մինչ Փաշինյանը կպատասխաներ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, այն ժամանակ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց. «Ես ձեզ խնդրում եմ, հարգելի հանրապետականներ, խոսում եք Արցախի մասին, խոսում եք տնտեսության մասին, խոսում եք սանկցիաների մասին, ուզում եք Արցախն ավելի պաշտպանված լինի՝ պետք է հիմա քվեարկել Փաշինյանի օգտին, ուզում եք տնտեսությունը զարգանա՝ պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզում եք, որ Հայաստանը սանկցիաների տակ չընկնի՝ պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզում եք տանկերը, որ ասում եք գալիս են, բայց իրականության մեջ չեն էլ գալիս, չգան, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, որովհետեւ կայունությունը, ստաբիլությունը, քաղաքական ճգնաժամի լուծումն է, որ կարող է այ էդ վիճակից հանի մեր երկիրը: Ես չեմ ուզում, որ հանրապետականներից 6 պատգամավոր, 7 պատգամավոր, 8 պատգամավոր պոկվի, գա քվեարկի Փաշինյանի օգտին, ոչ, ոչ, արժանապատիվ կերպով դուք կարող եք հայտարարել, որ հանուն մեր պետության, հանուն Արցախի, հանուն մեր տնտեսության, հանուն էս երիտասարդության, մենք բոլորով քվեարկում ենք Փաշինյանի օգտին, եւ թող գնա իր ծրագիրը գրի, Կառավարությունը ձեւավորի, գա, կշարունակենք մեր երկխոսությունը ու խոսակցությունը»:

Սեյրան Սարոյանն իր ելույթում ասաց. «Ամեն մի քարը, ամեն մի թիզ հող գրավելու համար հարյուրավոր ընկեր ենք կորցրել, էսօր մի հատ ընենց մթնոլորտ ա ստեղծվել մեր հանրապետությունում, ոնց որ աշխարհի վերջն ա: Բացի էն, որ մեղավորներ ենք ման գալիս, կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Գիտեմ, ժողովուրդը էսօր շատ մեծ պրոբլեմներ ունի, իշխանությունից դժգոհ ա, այո՛, մարդիկ կայնան ոտի, փորձեցին իրանց քայլը անեն, քայլը կատարվավ, ասելով, որ մթոմ Սերժ Սարգսյանն ա խանգարում էս ժողովրդին՝ մոռանալով նրա արած գործը, վատը, լավը: Չկա մեկը,որ աշխատի ու սխալներ չունենա, մենք ինչո՞վ կարողացանք օգնել, եթե գիտեինք ճիշտ էթալու ուղիները, պարտավոր էինք բարձրաձայնել ու ասել, եթե գիտեինք: Էսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու, եթե փորձում էիք ամեն ինչը կապել Սերժ Սարգսյանի հետ, էդ մարդն ասեց՝ լավ, ձեզ ըլնի, աթոռն էլ, սաղ էլ ձեզ ըլնի: Փաստորեն, բանից դուրս ա գալիս, որ պաշտոնակռիվ ա էթում արդեն, տենց չի՛ կարելի: Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, իրոք, Նիկոլի նման ընդդիմադիր չկա: Էսօր որ Նիկոլը գնա իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու, մնում եմ մինակ ես, ո՞նց կեղնի: Աշոտյանինց ի՞նչ ընդդիմադիր, այ տնաշեն: Իրոք, հավատացեք, պաշտոնով չի, որ ամեն ինչ կարելի ա անել…. Սաղդ էլ կամպյուտեր ունեք, մի հատ մտեք տեսեք ինչ են անում թուրքերը հիմա Ղարաբաղում: Էսի պանիկա չի, թուրքերն էլ են արդեն ջոկել, որ մենք պառակտվել ենք»:

aravot.am



Նման նյութեր