44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները այսօր կրկին այցելել էին Պաշտպանության նախարարություն և խնդրում էին տվյալներ հայտնել իրենց որդիների մասին:
Այնտեղ էր նաև ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով ասաց, որ Պաշտպանության նորանշանական նախարարն ու փոխնախարարը զբաղվում են այդ հարցով, նախորդները ևս զբաղվել են:
Ծնողներից մեկի դիտարկմանը, թե պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին հայտնել են խնդրի մասին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա ազատվել է փոխնախարարի պաշտոնից.«Բալայանն ազատվել է պաշտոնից, նա այլևս չի աշխատում»:
Նշենք, որ Գաբրիել Բալայանից լուրը ճշտել չհաջողվեց, նա հեռախոսազանգերին և հաղորդագրություններին չի պատասխանում:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Tert.am-ն հետ զրույցում Գաբրիել Բալայանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց.«Եթե Անդրանիկ Քոչարյանը անձամբ զրուցել է Գաբրիել Բալայանի հետ՝ ուրիշ խնդիր, բայց մենք պաշտոնապես նման տեղեկությանը չենք տիրապետում»: