
Ինչպես և սպասելի էր, եկավ նոյեմբերի 25-ը և Ադրբեջանին հանձնվեց Արցախի Շահումյանի շրջանը, շրջկենտրոն Քարվաճառ քաղաքով հանդերձ։ Առանց մեկ կրակոցի մեկ ամբողջ շրջանի հանձնումը արդյունքն է Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական փաստաթղթի։
Հետաքրքիր է, որ իշխանությունները մինչև վերջին վարկյանը փորձում էին մոլորեցնել հանրությանը։ Երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ստորագրել է նշված ստորացուցիչ փաստաթուղթը, հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ։ Իշխանությունները՝ ինչպես ևս սպասելի էր, հանրային դժգոհությունը մեղմելու համար կրկին անգամ դիմեցին ստի և կեղծիքի օգնությանը։
Հանրային դժգոհության ֆոնին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոյեմբերի 11-ին ֆեյսբուքյան գրառմամբ կոչ արեց Շահումյանի և Քաշաթաղի բնակիչներին չշտապել․ «Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից: