Մանդատից զրկելը Գագիկ Ծառուկյանի համար որևէ բան չի նշանակելու. Տոնոյան
Advertisement 1000 x 90

Մանդատից զրկելը Գագիկ Ծառուկյանի համար որևէ բան չի նշանակելու. Տոնոյան

Մանդատից զրկելը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար որևէ բան չի նշանակելու: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով կոռուպցիոն հանձնաժողովի առաջարկը, ասաց պատգամավոր, ԲՀԿ անդամ, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Իշխանության ներկայացուցիչներն են, որ մանդատը դարձրել են իրենց կյանքի միակն նպատակը, արժեհամակարգը, սրբությունը: Եվ մանդատով է, որ արժևորում են իրենց գոյությունն ընդհանրապես: Մենք ընդամենը գործ ունենք վախկոտ, քինախնդիր, նախանձ, փոքրոգի անձանց՝ հաշվեհարդար տեսնելու նկրտումների հետ, որոնք իրենց կյանքի նպատակ են դարձրել Գագիկ Ծառուկյանի հետ անձնական վրեժխնդրություն լուծելը»,- ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը 10 կողմ, 4 դեմ ձայնով հաստատել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։

Նրան մանդատից զրկելու որոշման հիմքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է և ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

Այս հիմքերով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 6-ին որոշում էր կայացրել պատգամավորական լիազորությունների անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին և այդ որոշումն ուղարկել Գագիկ Ծառուկյանին։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 16-ին խորհրդարանը Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հարկերից խուսափելու ու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվելու պատճառով։

Նա կալանավորվեց սեպտեմբերի 25-ին ու անազատության մեջ մնաց մինչև հոկտեմբերի վերջ։

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր նաև նոյեմբերի 11-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։ Ազատ էր արձակվել նոյեմբերի 13-ի կեսգիշերին:

armeniasputnik.am



Նման նյութեր