Վիրուսները ոչնչացնող հատուկ ձեռնոցներ են ստեղծում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի համար, որպեսզի նա պաշտպանված լինի COVID-19-ից, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Telegraph թերթին։
Կորնելիա Ջեյմսի ընկերությունը, որը թագավորական ընտանիքի համար ձեռնոցներ է արտադրում 1978թ․-ից, պայմանագիր է կնքել շվեյցարական տեխնոլոգիական տեքստիլ ընկերության հետ՝ հակավարակային ձեռնոցների արտադրության համար։ Բամբակից և մերինոսի բրդից ձեռնոցների նոր զույգի արտադրության համար օգտագործվում է շվեյցարական HeiQ Viroblock NPJ03 տեխնոլոգիան, որը չեզոքացնում է վարակները։ Ըստ թեստերի արդյունքների՝ Viroblock սուբստանցիան կտորի վրա ոչնչացնում է կորոնավիրուսը 99,99%-ով՝ 30 րոպեում։
«Նորարարությունը բացարձակ ոչ մի ազդեցություն չի թողնում ձեռնոցների արտաքին տեսքի կամ հպվելիս դրանց զգացողության վրա, սակայն Viroblock-ը վիրուսներն ու մանրէները չեզոքացնում է փաստացի դիպչելու պահին։ Դուք վարակակիր չեք լինի և այն ուրիշներին չեք փոխանցի»,-մեջբերում է թերթը Կորնելիա Ջեյմսի ընկերության ներկայացուցչի խոսքը։
Ըստ պարբերականի՝ ընկերությունից դեռ չեն տեղեկացրել` արդյոք նոր ձեռնոցներն արդեն փոխանցվել են թագուհուն: