Նոյեմբերի 10-ի խայտառակ համաձայնագրի մեղքը իշխանությունները դարձյալ ժողովրդի վրա են բարդել, քանի որ կա՛մ չի գնացել կռվելու, կա՛մ կռվի դաշտից փախուստի է դիմել։ Իսկ երեկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենք ոչ թե հողերն են հանձնել, այլ կռվի դաշտում կորցրել են։ Ով էլ ինչ խոսի, ռազմաճակատում եղած զինվորից ավելի լավ չի կարող ներկայացնել իրավիճակը։
Մեր այս փոքրիկ զրույցը հենց նրանց հետ է։
«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ, ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԱՀԱՊԱՆԸ»
ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ (Հադրութում և Շուշիում կռված շարքային)
-Տեղեկություններ կան, որ նոյեմբերի 10-ի այդ խայտառակ համաձայնագիրն ընդունելուց հետո էլ մեր զինվորները դեռ Շուշիի դիրքերում էին և չէին պատրաստվում իջնելու։
-Այո, Ձեր տեղեկությունը ճիշտ է։ Այդ օրը խոսել եմ տղաների հետ. Շուշին թուրքերինը չէր, թուրքեր կային, բայց ավելի շատ մերոնք էին, քան թուրքերը, ու այդպես ամենուր է եղել։
-Մեր տղաների կյանքն այդ պահին վտանգվա՞ծ է եղել։
-Վտանգված է ցանկացածիս կյանքը, հատկապես, երբ վերջնականապես այս ստորացուցիչ պայմանագիրն ուժի մեջ մտնի։
-Պայմանագիրն իրո՞ք հապճեպ ստորագրվեց իրավիճակի թելադրանքով։
-Չգիտեմ՝ ինչու, բայց մինչ այդ բոլորը խոսում էին, որ նոյեմբերի 9-ին կնքվելու է այդ պայմանագիրը, և Շուշիում թշնամու դրոշն է կախվելու։
-Խոսակցություններ կան, որ այս ամենի մեղավորը Ռուսաստանն է։ Կիսու՞մ եք այդ կարծիքը։
-Ռուսաստանն ի՞նչ կապ ունի, մենք ենք մեր երկրի պահապանը։
-Այսինքն, Հայաստանը սխալ մոտեցու՞մ ցուցաբերեց։
-Ե՛վ դիվանագիտական, և՛ մարտավարական առումով ջախջախվեցինք։
«ԵԹԵ ՊԵՏՔ Է ԱՅԴ ՀՈՂԵՐԸ ՏԱՅԻՆ, ԻՆՉՈՒ՞ ՄԵՐ ՏՂԵՐՔԸ ԶՈՀՎԵՑԻՆ»
ՍՈՒՐԵՆ ՕՔՄԻՆՅԱՆ («Հայ շարժում» կազմակերպության նախագահ, ջոկատի հրամանատար)
-Ըստ Ձեզ, ինչու՞ այսպես ստացվեց։
-Ինձ համար էլ էր սա անակնկալ։ Նոյեմբերի 4-ին վիրավորվել էի Շուշիում՝ մեր ջոկատով 45 զինվորներին ազատագրելիս։ Հետո ինձ տեղափոխեցին Երևան։ Նոյեմբերի 11-ին պատրաստվում էի մեկնելու Արցախ, երբ գիշերն այդ լուրը իմացա։ Այնպես որ, մեզ համար էլ էր սա անակնկալ՝ շոկ։ Տեսնելով մեր տղերքի մարտական ոգին, որը մեր մեջ էր, մեր ազգի մեջ էր… Վերջին անգամ ֆեյսբուքով ուղիղ եթեր եմ մտել Շուշիի ճակատամարտից առաջ։ Անգամ հույս չունեինք, որ կարող ենք իրար տեսնել, զրուցել, սակայն, չնայած դրան, բոլորս մարտական էինք տրամադրված։
-Ոգին մարտական էր, իսկ դիրքերը նպաստավո՞ր էին Շուշիում։
-Նոյեմբերի 4-ի դրությամբ Շուշիում մեր դիրքերը բոլոր առումներով նպաստավոր են եղել, և ես անակնկալի եկա այդ պայմանագրի մասին լսելով, քանի որ դրանից առաջ՝ երեկոյան, խոսել էի իմ ջոկատի տղերքի հետ, և նրանք վստահեցրին, որ ամեն ինչ նորմալ է։
-Եթե մեր դիրքերը նպաստավոր էին, ոգին էլ՝ մարտական, ինչո՞վ էր պայմանավորված այս համաձայնագրի անհրաժեշտությունը։
-Այդ հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին։
-Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Շուշիից զինվորները փախչում էին։
-Մենք ևս տեղյակ ենք այդ մասին, ինքը խոսում էր մի ջոկատի մասին, որի մասին մենք էլ ենք լսել, ուղղակի այս պահին ճիշտ չեմ համարում բարձրաձայնել. եթե կռվի դաշտից մեկը փախչում է, դա չի նշանակում, որ բոլորն են փախչում։ Այդ հայտարարությունից հետո էլ իմ ջոկատի բոլոր տղաները գտնվել են Արցախում։ Այնպես որ, կարծում եմ, եթե երկրի ղեկավարը ինչ-որ որոշում է կայացնում, պարտավոր էր ժողովրդին նախօրոք տեղեկացնել՝ չէ՞ որ ասում էր՝ 3 մլն վարչապետ կա երկրում։ Այդ 3 մլն-ին տեղեկացնեիր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Մեր լինել-չլինելու հարցն էր, ինքն էլ՝ երկրի ղեկավար, Աստված չանի թշնամին նորից օգտվի այս առիթից՝ հիմա էլ Հայաստանի սահմաններում։ ՈՒղղակի բոլորս մի պահ ինքներս մեզ այդ հարցը տանք։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի…
-Վարչապետը եկավ, խոսեց և չհրաժարվեց այդ որոշումից։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս կզարգանա այս գործընթացը։
-Դա ժամանակը ցույց կտա, ես չեմ կարող ինձ հետ ուս ուսի կռված տղերքի և ժողովրդի փոխարեն պատասխանել։
-Դուք Ձեր անունից պատասխանեք։
-Կարծում եմ՝ նման բան չի կարող լինել, որ միանձնյա նման որոշում կայացվի։ Այլ բան է, որ, ինչպես անցած ժամանակներում, մարդկանց հետ տարբեր ձևի քննարկումներ էին տեղի ունենում։ Անհասկանալի է, թե ինչու 3 օր լայվով դուրս չէր գալիս, ժողովրդին ոչնչի մասին չէր տեղեկացնում և մեկ էլ գիշերվա ուշ ժամի հայտնվում է այդ որոշումով։ Չի կարող այդպես լինել, մի մարդու որոշումով… Կոնկրետ մեր ջոկատից զոհված շատ տղերք կան, ես իմ ջոկատի տղերքի ծնողների առջև անձամբ պատասխանատու եմ։ Եթե պետք է այդ հողերը տային, ինչու՞ մեր տղերքը զոհվեցին, այդքան արյուն ինչու՞ թափվեց։
-Բոլորն են ուզում հասկանալ՝ այս համաձայնագրի ընդունումը հանկարծակի՞ էր, թե՞ նախատեսված։
-Գիտե՞ք, ես փորձում եմ բոլոր կողմերին հասկանալ, անկախ նրանից՝ ընդդիմադիր տեսակետ ունեն, թե ոչ։ Մենք բոլորս հայ ենք և չպետք է դա մոռանանք։ Սակայն այս իրավիճակը տեսնելով՝ կարող եմ ասել, որ հանկարծակի բան չկար։ Եթե հանկարծակի լիներ, նա իր լայվում չէր ասի. «Հիմա չեմ կարող փակագծեր բացել»։ Այսինքն, ինքն իր խոսքով ապացուցում է, որ նախապես ինչ-որ քայլեր ձեռնարկվել են։
Ճեպազրույցները՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ