ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն ընթանում է միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։
Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։