Այսօր լրագրողական համայնքի մի քանի ներկայացուցիչներ այցեցին ՀՀ կառավարության մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անողներին։
«ArmNews FM»-ի տնօրեն Լիկա Թումանյանն ու Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հորդորեցին ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին դադարեցնել հացադուլը, խոստացան՝ աթոռը դատարկ չի մնա, իրենք պատրաստ են հերթով փոխարինել նրան։ Սակայն Բալայանն անդրդվելի մնաց։
«Եղբայրս իմ մասին ասում է. «Ես չեմ ընդունում իր այդ պայքարի ձևը, բայց եթե 73 տարեկան մարդն այս որոշումը կայացրել է, ես պետք է իր որոշումը հարգեմ»։ Ես չեմ եկել հացադուլին նստել` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, եկել եմ ասելու, որ իրավապահ մարմինների ղեկավարները պարտավոր են իրենց ֆունկցիաները ճիշտ կատարել։ Այսօր իրենք պարտավոր էին քրեական գործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար։ Քրեական պատասխանատվության ենթարկել։ Պաշտոնական որևիցե արձագանք չկա»,- նշեց Բալայանը։
Ասում է՝ գոնե ասեին, թե նյութեր են նախապատրաստում, ուսումնասիրում են։
Բալայանի խոսքով՝ ինքը նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է դիմել, պահանջել է գործուն քայլեր անել։
«Պետք է նախագահը կազմակերպի միջազգային դատական հոգեբույժների հանձնաժողով և փորձաքննության ենթարկեն այս մարդուն։ Կասկած չկա, որ շիզոֆրենիայի երկու տեսակով տառապում է. մեկը մեծամոլական զառանցանքն է, մյուսը՝ հետապնդման մանիան։ Թող գան, փորձաքննության ենթարկեն»,- ասում է Կիմ Բալայանը։
Նա վստահ է, որ այս ազգը փրկելու այլ ճանապարհ չկա։
Նշենք, որ այսօր հացադուլ անող գործընկերոջը՝ Գեղամ Մանուկյանին և մյուսներին այցի են եկել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ, ղեկավարներ, նրանց թվում՝ «168 ժամի» խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյան, Armnews FM ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը, «Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը և այլք։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am