Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի պաշտոնը լքելուց առաջ, պարզվում է, իր երբեմնի ընկերոջ` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիրքերը թուլացնելու համար ներքին կարգով գործընթաց է սկսել, որ վերջինիս հեռացնի ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը գլխավորելու պաշտոնից։
Այս մասին մեզ փոխանցեցին ԱԺ ում վերջինիս կոլեգաները։
Հասցրե՞լ է Դավիթ Տոնոյանը իր առջև դրած խնդրով իրավական ընթացակարգ սկսել, չգիտեն, արդյո՞ք նա իր մտահոգությունը քննարկել էր իշխանական բուրգի վերին օղակի հետ, Yerevan.Today-֊ին այս տեղեկատվությունը չհաջողվեց պարզել կողմերից։ Հիշեցնենք, այս երկու պաշտոնատար անձանց միջև օրերս լուրջ փոխհրաձգություններ եղան` մեղադրանքներ, փոխադարձ մեղադրանքներ, վիրավորենքներ ու սպառնալիքներ հրապարակային, բայց ոչ դեմ առ դեմ։
Եվ պետք է ընդգծել, որ 44 օր տևած պատերազմի շրջանում երբևէ մեր պաշտպանունակությունից չդժգոհած Անդրանիկ Քոչարյանը, կապիտուլյացիայի ստորագրումից հետո հանկարծ գլուխ բարձրացրեց ու անսպասելիորեն որոշեց պարտության մեջ մեղադրել բացառապես Դավիթ Տոնոյանին։ Պաշտպանության նախարար Տոնոյանի հետ նրա հեռակա բանավեճը մեծ աղմուկ բարձրացրեց, օրեր տևած թիրախավորված հարձակումը Տոնոյանի վրա չսահմանափակվեց մեկ ակտով։ Բանակին հասցեագրված նսեմացուցիչ արտահայտություններ իրեն թույլ տվեց պատգամավոր Քոչարյանը`«բանակ էլ համարյա էդպիսին չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար ունենք», կամ՝ «նախարարը ձկնորսի համազգեստով է ներկայանում» և այլն։ Իսկ օրեր անց Տոնոյանը հրաժարականի դիմումով հեռացվեց համակարգից։ Ինչ խոսք, Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին չորս անգամ բավականին մերկացնող կոշտ ձևակերպումներով հակադարձեց Քոչարյանի արշավին` ընդհուպ վիրավորական արտահայտություններով բնութագրելով իշխանական անձի ոլորտային բոբիկ գիտելիքները։ Ավելին`Քոչարյանի հետևողական ջանքերին ի պատասխան`Տոնոյանը խոստացել էր նաև պետական գաղտնիք պարունակող նրա ելույթների համար դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով։
Այսօր Անդրանիկ Քոչարյանին թվում է, թե ձիու վրա է, Տոնոյանը հեռացվել է համակարգից, բայց ներխոհանոցային քննարկումներում թեման դեռևս թեժ է։ Քոչարյանի կոլեգաները պատմում են Տոնոյան-Քոչարյան երբեմն ջերմ ընկերական հարաբերությունների, ու գժտության պատճառ դարձած ինչ-ինչ հանգամանքների մասին` չարաշահված վստահություն, Քոչարյանի որդու ծառայության կոմֆորտ, մյուս որդու փաստացի «ազատում» բանակից ու էլի ուշագրավ դրվագներ են հիշատակում։ Իշխանական շրջանակներում ենթադրում են որ Տոնոյանի ակնարկած կոմպրոմատը, ըստ էության, Անդրանիկ Քոչարյանի զանգի մասին է, զանգ Պաշտպանության նախարարին` պատերազմի ամենաթեժ օրերին։ Ի սկզբանե Քոչարյանը իր ընկերոջը` Աշոտ Զաքարյանին իր իսկ միջնորդությամբ, ասում են, Ռազմական ոստիկանության պետ նշանակելուց հետո, Տոնոյանի հետ հարաբերությունները չարաշահել է, ինչ-որ գնդապետի պատճառով։ Իսկ մամուլում օրերս գրվեց ՌՈ պետի սենյակում Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ փոխգնդապետի վրա ճնշումների և սպառնալիքների մասին, որով, ի դեպ, ՀՔԾ ն դեռևս քննություն չի էլ սկսել։
Իսկ ահա վերջին կաթիլը, որով Տոնոյանի հետ հարաբերությունները սրվել են կտրուկ ու վերջնականապես, ըստ մեր աղբյուրի, Անդրանիկ Քոչարյանի`արտիլերիստ որդուն պատերազմի թեժ օրերին զանգով թիկունք բերելու ձախողված փորձն է եղել։
Դավիթ Տոնոյանը իշխանական պատգամավորի որդուն անվտանգ տարածք տեղափոխելու խնդրանքին ընդառաջ չի գնացել, ու չի բացառվում որ այս մերժումն էլ հետագայում դարձել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ թիրախավորման և պարտության մեղքը նրա վրա բարդելու պատճառ։
Դավիթ Տոնոյանից այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալ ևս չհաջողվեց, պաշտոնանկությունից հետո նա ինքնամեկուսացել է, զանգերին չի պատասխանում, իսկ Ադրանիկ Քոչարյանը որքան էլ կատեգորիկ հրաժարվեց պատասխանել իր համար անկանխատեսելի լրատվամիջոցի հարցերին, մի քանի բան հաջողվեց կորզել նրանից։ ԱԺ -ում Yerevan.Today-ի հարցին, ինչո՞ւ սև կատու անցավ Տոնոյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև, արդյո՞ք ճիշտ է, որ որդուն պատերազմի թեժ օրերին առաջնագծից դեպի թիկունք բերելու խնդրանքով դիմել է նախարարին և կտրուկ մերժումի վիրավորանքից է արշավ սկսել նրա դեմ, այս հարաբերությունների ու հրաժարականի փոխկապակցվածություն կա՞, թե՞ ոչ․ այդ տեղեկատվություններին Քոչարյանը իրեն բնորոշ կտրուկ տոնով արձագանքեց։ Նա լկտի սուտ որակեց Դավիթ Տոնոյանին իր կողմից արված զանգի մասին լուրերը և ասաց, որ շատ երջանիկ կլիներ նրան հանդիպել դատարանում։ Մանրամասները` տեսանյութում։