2019-ին արդյոք հանդիպե՞լ են ՀՀ և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ադրբեջանցին թուղթ է փոխանցել, որի վրա մեծ գումար է նշված եղել՝ Արցախի հարցը իրենց օգտին լուծելու համար. Ա. Վարդանյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

2019-ին արդյոք հանդիպե՞լ են ՀՀ և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ադրբեջանցին թուղթ է փոխանցել, որի վրա մեծ գումար է նշված եղել՝ Արցախի հարցը իրենց օգտին լուծելու համար. Ա. Վարդանյան

Հարցեր կան, որոնց մասին ուզում եմ՝ մեր քաղաքացիները մտածեն: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով «13 հարց և բացահայտում»:

Նրա ներկայացրած հարց-բացահայտումները՝ ստորև.

1. 2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք երկու պաշտոնյաներ, արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե ինչ առաջարկ է, դիմացինը շատ կիրթ ասել է՝ «մի բորբոքվեք, Ձեզ ընդամենը խնդրում ենք սա փոխանցել Ձեր ղեկավարին: Արդյոք, երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված ասելով՝ «տես, թե անասուններն ինչ են պահանջում», փոխանցել է թուղթը, մեր երկրի ղեկավարն ասել է՝ «դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,-հայտարարեց Վարդանյանը:

2. Արդյո՞ք սուրճի սեղանի շուրջ ընտանեկան միջավայրում Նիկոլին ասվել է՝ «մի արա», ՌԴ դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու: Արդյո՞ք նրա կինը միջամտել է՝ «ինչ է եղել, թող մի 5000 հոգի էլ զոհվի, բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել»:

3. Արդյո՞ք 2019-ի առաջին կեսին Նիկոլը հերթական հիստերիկ նոպայի մեջ ասել է՝ «Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունը իմ դեմ դավադրություն են պատրաստում»:

4. Արդյո՞ք 2019-ի երկրորդ կեսին, երբ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ Նիկոլը ցանկացել է ուղիղ եթեր անել և հայտարարել, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Արդյոք մեծ  դժվարությամբ են համոզել, որ չանի:

5. Հաշվե՞լ եք՝ վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին: Երևի մի 30: Արդյոք, եթե մինչև պատերազմը 3 անգամ առանց կուլիսային խաղերի զանգեր, դեպքերն այլ զարգացում չէին ունենա: Մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահի հետ: Ինչու՞:

6. Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամը և գլխավոր ուղղությունը չգիտեին: Այդ դեպքում ինչու՞ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր, և վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան: Ինչ է, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում: Ինչու՞ էր պատերազմից ընդամենը 1 օր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալի Բալասանյանին, և եթե նա ներկայանար, կալանավորվելու էր: Ինչու՞ էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով: Ինչու՞ Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմների հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:

7. Պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ինչ էր անում վարչապետի կինն Արցախում. նա Գորիսում թաքնվեց միայն այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել: Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության ոգեշնչման կարի՞քն ունեին, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գրված սցենարից շեղումներ չլինեն:

8. Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, նվաստացնում էր Ալիևին: Հիմա ով է ում նվաստացնում, ծաղրում ստորացնում: Արդյոք որևէ մեկը կարող է բացատրել՝ ինչու Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիևին, ինչի՞ց է վախենում:

9. Արդյո՞ք ռազմական դրությամբ խոսքի, մամուլի ազատությունը, կարծիք արտահատելու իրավունքը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը, հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չունե՞ր:

10. 2020-ի մարտի սկզբին Նիկոլն այցելեց Վրաստան, արդյոք միակ և անձնական հարևան երկրի ղեկավարությունից խնդրանքը համարձակության համար բավական խմելուց հետո եղել է հայկական ծխախոտի ազատ տարանցումն ապահովելը:

11. Արդյոք պատերազմի առաջին օրերին ՀՀ անունից իբրև պաշտոնական բանակցող ԻԻՀ է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր:

12. Վերջին ելույթում Նիկոլը քաղաքացիներին ասում է՝ մի վախեցեք: Մի վախեցեք ասում է ամենավերջին վախկոտը: Նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված:

13. Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողացել: Արդյոք մեծ դժվարությամբ են նրան ընկճախտից դուրս բերել: Արդյոք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջին խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ «գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում»: Եվ արդյո՞ք, մինչև Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել ու ասել, որ կանխարգելիչ հրդեհ է, Նիկոլը չի հանգստացել»:



Նման նյութեր