Մխիթարը բնավորությամբ լիդեր էր, ազդեցիկ հայացք ուներ, եթե դասարանում ինչ-որ հարցեր էին առաջանում, Մխիթարս միշտ հաղթողի դերում էր: Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում հոկտեմբերի 1-ին նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանը:
«Նա իմ առաջնեկն էր, ամբողջ ներուժս կենտրոնացրել է նրա վրա: Ցանկությունս մեկն էր՝ լավ մարդ մեծացնել՝ խելացի, գրագետ: Ինչպես նրա դասվար Արմինե Գևորգյանն է ասում՝ Մխիթարս երազկոտ էր, դասի ժամերին մտքերով սավառնում էր ու նորից հետ գալիս»,-պատմում է մայրը:
Մայրը պատմում է, որ Մխիթարն ամառային արձակուրդներին նախընտրում էր երեք լեզուներով գրել, կարդալ, ուներ այն զբաղվածությունը, որը մայրն էր սիրում: Ուսումնական տարվա առաջին օրերին միշտ գովասանագրերի էր արժանանում, իսկ արդեն բարձր դասարանում ընդգրվել էր «ԵԿՄ»-ի շարքերում:
Դեռ մանկապարտեզ հաճախելու տարիքից աչքի է ընկեր իր առաջադիմությամբ, օտար լեզուների հանդեպ մեծ սեր ուներ: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Մխիթարն ուսումը շարունակել է 148 ավագ դպրոցում, միաժամանակ ավարտել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ, հետո արդեն ընդունվել է Հայ-ռուսական համալսարան, սրա հետ զուգահեռ Մխիթարը չի դադարեցրել իր պարապմունքները, սովորել է անընդհատ և նույն համալսարանում անվճար ընդունվել է Քաղաքագիտության բաժինը:
Մխիթարն իր ունակությունները նաև սպորտում էր ցույց տալիս, լավ լողորդ էր, նաև ըմբշամարտի էր հաճախել: Իր սպորտային կազմվածքով Մխիթարը միշտ մորն էր դիմում ու ասում՝ մերս, տղեդ սիրուն ա, չէ՞: Մայրը պատմում է, որ թեև իր ժպտերեսությանը՝ Մխիթարի աչքերը թախծոտ էին, բնավորությամբ էլ խռովկան էր, բայց երբեք քրոջ հետ չէր վիճում:
«Համալսարանի առաջին կուրսի առաջին կիսամյակը սովորելուց հետո, 2019 թվականի հունվարի 17-ին բանակ զորակոչվեց: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում: Երբեք ու երբեք չի տրտնջացել ծառայությունից, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Անգամ չեմ իմացել, որ հոսպիտալում պառկել է»,- ասում է տիկին Աստղը:
Ամբողջությամբ՝ tert.am