Աղքատության մակարդակը Հայաստանում 2019-ին կազմել է 26.4%-ը: Վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ բնակչության թիվը 2 մլն 924 հազար 816 է, այսինքն՝ աղքատ է համարվում 772 հազար 151 մարդ կամ գրեթե ամեն 4-րդ մարդը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2020» զեկույցից:
Աղքատ են համարվում այն տնային տնտեսությունները, որոնց սպառումը գտնվում է աղքատության գծից ներքև: Մասնավորապես, ՀՀ-ում տնային տնտեսությունների բարեկեցության մակարդակը որոշվում է մեկ չափահաս անձի հաշվով` ընդհանուր ամսական սպառման արժեքով:
2019-ից սկսած ՀՀ-ում հաշվարկվում է աղքատության չորս տարբեր գիծ՝ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծ, աղքատության ստորին գիծ, աղքատության վերին գիծ, աղքատության միջին գիծ, որն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է: Ելնելով աղքատության միջին գծից` աղքատության մակարդակը 2019-ին կազմել է բնակչության 26.4%-ը:
2019-ին աղքատության վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (49.4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (91.7 ԱՄՆ դոլար):
Ըստ վերլուծության՝ ծայրահեղ աղքատ են համարվում ՀՀ բնակչության 1.4 %-ը կամ 40 հազար 947 մարդ: Այսինքն՝ այս խմբի մարդկանց մեկ ամսվա սպառումը չի գերազանցել 23 763 դրամը:
Ամբողջությամբ՝ tert.am