Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 62 ուսուցչի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2020 թվականի նոյեմբերի 30-ի հրամաններով շնորհվել է որակավորման առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մասնավորապես, ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցներում աշխատող 52 ուսուցիչ ստացել է առաջին, 9 ուսուցիչ՝ երկրորդ, 1 ուսուցիչ՝ երրորդ աստիճանի տարակարգ։ Որակավորման տարակարգերի շնորհման համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը։
Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգի»`
տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝
առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով.
երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով.
երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով: