ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը վստահ է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր-մշակութային հուշարձանները հնարավոր կլինի պահպանել, եթե միջազգային փորձագետներից բաղկացած խմբերը պարբերաբար մշտադիտարակում իրականացնեն այդ տարածքներում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գյուրջյանն ընդգծեց, որ միջազգային ԻԿՕՄՕՍ-ին ուղղված նամակում իրենք առաջարկել են համապատասխան մասնագետների ներգրավել այդ գործում:
«Կարևոր է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ՌԴ-ն, Ֆրանսիան` ի դեմս Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Մակրոնի հայտարարել են, որ քրիստոնեական ժառանգությունը, որն այժմ Ադրբեջանի տարածքում է, իրենց վերահսկողության տակ է և իրենք սատարելու են դրանց պահպանությանը: Մենք պետք է օգտվենք այդ հայտարարություններից և, վկայակոչելով դրանք, և՛ պետական մարմինները, և՛ հասարակական կազմակերպությունները փորձեն անել հնարավորը, որ այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկվեն: Հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, միջազգային ԻԿՕՄՕՍ-ը և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ»,-նշեց նա:
Գագիկ Գյուրջյանը հիշեցրեց, որ հայկական կողմը կորցրել է այնպիսի կարևոր նշանակության հուշարձաններ, ինչպիսիք են Ազոխի քարանձավը, Գտչավանքը, ամրոցներ, բերդեր, Դադիվանքը, Ծիծեռնավանքը և այլն: «Ադրբեջանցիները և՛ միջնադարյան, և՛ վաղ քրիստոնեական կառույցները, որոնք այժմ նրանց վերահսկողության տակ են, համարել են աղվանական: Այդ հուշարձանների վերաբերյալ տարիներ շարունակ կեղծ հրապարակումներ են արել, հոդվածներ, գրքեր հրատարակել ու նշել, որ կոթողները ոչ թե հայկական են, այլ՝ աղվանական: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նրանք չեն վնասի այդ արժեքները և կպահպանեն դրանք»,-ասաց ԻԿՕՄՕՍ-ի նախագահը և կրկին շեշտեց, որ պետք է այնպիսի քաղաքականություն վարել միջազգային կառույցների հետ, որ մեր հուշարձանները պահպանվեն և ներկայացվեն որպես քրիստոնեական ժառանգություն: